...

Պատերազմական իրավիճակ ՀՀ տարածքում (թարմացվող)

Պատերազմական իրավիճակ ՀՀ տարածքում (թարմացվող)

21։53 

ՀՀ ՊՆ. Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։

21։44

ՀԱՊԿ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը առայժմ պաշտոնական դիմում չի ստացել Հայաստանից հայ-ադրբեջանական սահմանային սրացման կապակցությամբ: «ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են իրավիճակին: Պաշտոնապես քարտուղարությունը որևէ դիմում չի ստացել հայկական կողմից: Կարծում ենք, որ կոնֆլիկտը պետք է լուծվի միայն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով», - ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովը:

21։30

ԿՐԵՄԼ. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նշվում է, որ հայկական կողմի նախաձեռնած հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը: Կողմերը պայմանավորվել են շարունակել այդ հարցով շփումները:

21։15

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը շփման մեջ է ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ այդ երկրների սահմանին իրավիճակը շուտափույթ խաղաղ հուն տեղափոխելու համար։ «Շփման մեջ ենք կողմերի հետ իրավիճակը շուտափույթ խաղաղ հուն տեղափոխելու համար»,- ընդգծել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:

21։00

ՀՀ անվտանգության խորհրդի արտահերթ նիստում այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.  Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումն ուղիղ ագրեսիա է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:

20։26

ՀՀԿ-ն իշխանությունից պահանջում է դադարեցնել արկածախնդրությունն ու իրավական լիարժեք ընթացակարգով դիմել Ռուսաստանին։

20։10

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազանգ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ և ներկայացրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքում ներկայումս ստեղծված իրավիճակը: Դեսպանն ընդգծել է միջազգային հանրության թիրախային դատապարտող հայտարարությունների անհրաժեշտությունը:

20:00

ՄԱԿ ԱԽ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առայժմ չի պլանավորում նիստ գումարել հայ-ադրբեջանական սահմանին  տիրող իրավիճակի վերաբերյալ, սակայն Անվտանգության խորհրդի անդամները կարող են դա քննարկել, հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվյերը: «Օրակարգում ոչինչ չկա: Սակայն կտեսնենք: Մենք կարող ենք դա քննարկել», - ասել է նա լրագրողներին:   

19։53

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն իր աջակցությունն է հայտնում հայ ժողովրդին և կոչ անում միջազգային հանրությանը՝ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի շարունակական հարձակումներն ու սադրանքները զսպելու համար։ Այդ մասին Ինյառիտուն գրել է թվիթերյան իր էջում։ «Ես խորապես մտահոգված եմ Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի կապակցությամբ։ Ուզում եմ աջակցությունս հայտնել Հայաստանի ժողովուրդին և միևնույն ժամանակ միջազգային հանրությանը կոչ անել միջոցներ ձեռնարկել Ալիևի ռեժիմի շարունակական հարձակումներն ու սադրանքները զսպելու համար»։

19։50

Մայր Աթոռ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորը անհանգստությամբ է հետևում Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողություններին, որոնք սպառնում են վերաճելու լայնամասշտաբ պատերազմի։

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կոչ է անում միջազգային հանրությանը, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին և Քույր Եկեղեցիների առաջնորդներին՝ հասու բոլոր միջոցներով ձայն բարձրացնելու և կասեցնելու ադրբեջանական կողմի հերթական ոտնձգությունները՝ հանուն մարդկային կյանքերի փրկության և հիմնարար իրավունքների պաշտպանության, հանուն նոր ողբերգության կանխման։

Հայոց Եկեղեցին հորդորում է աշխարհասփյուռ իր զավակներին՝ զորավիգ լինելու հայրենիքին և կարելին ի գործ դնելու՝ իրենց պետությունների և միջազգային կազմակերպությունների ուշադրությանը հանձնելու հիշյալ դատապարտելի գործողությունները, որոնք վերստին ապակայունացնում են իրավիճակը տարածաշրջանում և խաթարում թանկ գնով հաստատված փխրուն խաղաղությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և հոգևոր դասը աղոթող են հայոց պետականության անսասանության, ազգի միասնականության ու ամուր կամքի և հայրենյաց պաշտպանների արիասիրտ ոգու համար՝ հաղթահարելու այս մարտահրավերները և վերականգնելու խաղաղ, ապահով և արժանապատիվ կյանքը մեր ժողովրդի»։

19։47

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Եվրոպական խորհրդի նախագահը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել ռազմական գործողությունների հետագա ծավալումը:

Վարչապետը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման՝ նպատակ ունենալով վիժեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ:

19։45

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակի հետ կապված՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նկատի ունենալով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախօրոք ծրագրված մասնակցությունը Սինգապուրում կայանալիք The Bloomberg New Economy միջազգային հեղինակավոր համաժողովին, նպատակահարմար է համարվել, որ Հանրապետության նախագահը, օգտագործելով նաև միջազգային այդ ազդեցիկ հարթակը, համաժողովի շրջանակներում ներկայացնի Հայաստանի սահմաններին ստեղծված մտահոգիչ իրավիճակը, անդրադառնա ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի սահմանների ու տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանում անօրինական պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդրին: Համաժողովին մասնակցելու են համաշխարհային առաջնորդներ, միջազգային կազմակերպությունների ու կորպորացիաների, ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարներ:

19։35

ՀՀ ՄԻՊ. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է. «Ադրբեջանական զինված ուժերի նոյեմբերի 14-ից հանցավոր արարքներով ու ներխուժումներով, իսկ նոյեմբերի 16-ից նաև ահաբեկչական բնույթի զինված հարձակումներով լրջորեն վտանգվել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության կյանքը և առողջությունը»:

19։30

Телеканал Дождь: Армения попросила Россию о помощи из-за боев на границе с Азербайджаном. Ереван попросит предоставить «достаточную военную помощь, чтобы Армения смогла достичь развязки этой ситуации», если кризис не удастся решить путем переговоров.

19։25 

ՀՀ ՊՆ. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան հատվածում նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ սադրանքից հետո ստեղծված իրավիճակը: Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Հայաստանի Հանրապետության  ինքնիշխան տարածք 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում է և վտանգի տակ է դնում ողջ բանակցային գործընթացը:

ՌԴ պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու, ռազմագերիներին վերադարձնելու և իրավիճակը հանգուցալուծելու գործում:

19։15

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն. ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ: 

Նշվում է, որ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի դեսպանը պետքարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել Ադրբեջանի զինուժի ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմաններում տիրող իրավիճակը:

Դեսպան Մակունցը շեշտել է միջազգային հանրության անհապաղ թիրախային կոչերի անհրաժեշտությունը՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:

18։51

ԵԽ. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերի իր էջում գրել է, որ սահմանային լարված իրավիճակի ֆոնին բանակցություններ է վարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:  

«Կոչ ենք անում շտապ դեէսկալացիայի և կրակը լիարժեք դադարեցնելու: Տարածաշրջանում իրավիճակը շատ բարդ է: Եվրոպական խորհուրդը հավատարիմ է լարվածության թուլացման համար գործընկերների հետ աշխատելուն՝ հանուն բարգավաճող ու կայուն Հարավային Կովկասի», - գրել է Շառլ Միշելը: 

18:43

ՀՀ ԱԽ. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին:

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ մարտավարական իրավիճակը: ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Ադրբեջանի այս  գործողությունները հարված են՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը:

Ըստ աղբյուրի՝ Արմեն  Գրիգորյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ զորքերը պետք է հայելային տարբերակով հետ քաշվեն մինչև 2021թ. մայիսյան ներխուժմանը նախորդող դիրքերը: ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, որը, սակայն, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ առնչություն չունի:

18:33

Հայաստանն ու Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացնում արտաքին և պաշտպանական գերատեսչություններով` սահմանում ստեղծված իրավիճակի առնչությամբ. ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը:
Հայաստանը դեռ Ռուսաստանին օգնության խնդրանքով պաշտոնական գրավոր հարցում չի ներկայացրել` հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված։

18:31

ՀՀ ԱԽ. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Հանդիպման սկզբում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ մարտավարական իրավիճակը:

«Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության, ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կողմերը երկուստեք համոզվածություն են հայտնել, որ հնարավորինս շուտ կարելի է նվազեցնել սահմանային լարվածությունը և սկսել խաղաղ կարգավորման գործընթացը:

18։30

«Ազատություն». Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 15 զոհ։ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Մեր ունեցած տեղեկատվության համաձայն, զինվորականների շրջանում, դեռևս չհաստատված տվյալներով, այս պահին կա 15 զոհ։ Նաև մեր տվյալներով բավականին մեծ կորուստներ են կրել Ադրբեջանի զինված ուժերը»,- ասել է նա։

18։05

ՀՀ ՊՆ. Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմը կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։ 

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։

17։00

ՀՀ ՊՆ. Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։

16։15

ՀՀ ՊՆ. Ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։

Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները, համարժեք գործողություններով, հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ Մարտերը շարունակվում են, դրանց ինտենսիվությունը չի թուլացել։

16։00

ՀՀ ԱԳՆ. Նոյեմբերի 16-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Հայաստանի Հանրապետության սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։

Ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունները հանգեցրել են մարդկային կորուստների։

Այս վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ։

Այս գործողություններով Ադրբեջանը խախտում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, քանի որ ադրբեջանական կողմը հարձակումներ է գործում Հայաստանի Հանրապետության դեմ այն տարածքներից, որն ադրբեջանական կողմին է անցել այդ հայտարարության իրականացման արդյունքում։

Հայաստանի Հանրապետությունը, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ  ուժի կիրառումը։  

Կոչ ենք անում միջազգային հանրությանը և մեր միջազգային գործընկերներին՝ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և համանախագահող երկրներին, հստակորեն և հասցեական արձագանքել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի այս գործողություններին և գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերման ուղղությամբ։

15։30

ՌԴ նախագահի պաշտոնական կայք. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ: 

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմից ձեռնարկված միջոցների մասին՝ ուղղված հրադադարի ռեժիմի պահպանմանը, տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատմանը»,- ասվում է Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Երկու նախագահները քննարկել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող, այդ թվում և խոշոր համատեղ ներդրումային նախագծերի իրականացմանն, կորոնավիրուսի դեմ պայքարում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

15։00

ՏԱՍՍ. ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտնել է, որ Երևանը դիմել է Մոսկվային 1997 թվականի երկկողմ համաձայնագրի համաձայն Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելու կոչով:

13։00

ՀՀ ՊՆ. Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։

14։30

ՀՀ ՊՆ. Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։

13։00

ՀՀ ՊՆ. Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։

12։30

ՀՀ ԱԽ. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

«Հանդիպման առանցքում եղել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը: Այս համատեքստում կողմերը շեշտել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը շուտափույթ սկսելու անհրաժեշտությունը»:

Զրուցակիցները վերահաստատել են ավելի վաղ ձեռքբերված համաձայնության ամբողջական իրականացումն, այն է՝ ռազմագերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3127 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ