ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը՝ անդրադառնալով արցախյան հիմնահարցի շուրջ իշխանության իրականացրած քայլերին, ասել է. «Մարդիկ, ովքեր այսօր պատասխանատու են այս կարևորագույն հարցի լուծման ճանապարհը գտնելու, երբևէ որևէ առնչություն չեն ունեցել պաշտպանական համակարգի, ազատամարտի հետ, անգամ բանակում չեն ծառայել»։
Արման Սաղաթելյանի խոսքերին մի քանի ասպեկտով անդրադառնանք:
Նախ, ՀՀ Սահմանադրության համաձայն, երկրի ղեկավարներ լինելու համար պաշտպանական համակարգի, ազատամարտի հետ առնչությունը ունենալը պարտադիր նորմ չէ: Սա՝ զուտ օրենքի տեսանկյունից: Մյուս կողմից, արդեն գրեթե 30 տարի է անցել արցախյան ազատամարտի սկզբից, և այս ընթացքում նոր սերունդ է ձևավորվել, պաշտոնյաներ կան, որոնք ծնվել են արցախյան պատերազմի ավարտից հետո և Արման Սաղաթելյանի տրամաբանությամբ, նրանք որևէ իրավունք չունեն զբաղվել արցախյան հիմնահարցով: Այսինքն, միայն ազատամարտին առնչվողները, թեկուզ 80-90 տարեկան դառնան:
Նույնը՝ պաշտպանական համակարգի մասով: Արցախի հարցով բանակցություններ վարելը, քաղաքականություն իրականացնելը թե ինչ կապ ունի պաշտպանական համակարգի հետ առնչությանը, սա միայն Արման Սաղաթելյանը կիմանա: Օրինակ, Էդմոն Մարուքյանը կամ Արծվիկ Մինասյանը պաշտպանական համակարգին ծանոթ չեն, իրենք իրավունք չունե՞ն երբևիցե զբաղվել արցախյան հիմնահարցով: Էլի անտրամաբանական է:
Ինչ վերաբերում է բանակում չծառայելուն, ապա Արման Սաղաթելյանը պետք է մինչև վերջ անկեղծ լիներ. այս իշխանությունների առմով իսկապես խնդիր կա, քանի որ նրանց մեջ շատ են բանակում չծառայածները: Բայց որևէ համեմատության տեղ չկա նախկին իշխանությունների հետ, որի մաս է կազմել Արման Սաղաթելյանը:
Մենք էլ հո չենք մոռացել, որ Էդ. Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը, Միհրան Հակոբյանը, Արման Սահակյանը, Արգամ Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը և հանրապետական երիտկարիերիստների զգալի մասը բանակում չէին ծառայել, բանակի տեղը չգիտեին, բայց լավ էլ հավեսով կամուֆլյաժները հագած սելֆիներ էին անում Արցախում, իբր հայրենասիրական թունդ դեմքեր են: Թե չէ չգիտենք էլի, նրանք ոնց են ազատվել բանակում ծառայությունից, ոնց են պլստացել, ինչ ճանապարհներով: Բոլորը նույն ձևով են ծառայությունից ազատվել:
Եվ ամենակարևորը. արցախյան հիմնահարցով բանակցություններին ամենածանր հարվածը հասցրել են նրանք, ովքեր իրենց ամենամեծ հերոսներն են համարում: Մեղրի միջանցքը հանձնողները կամ Ստամբուլի հռչակագիրը ստորագրողները պատերազմի միջով անցած դեմքեր էին: Սա՝ ուղղակի հիշեցում: