Իրանն Ադրբեջանի հետ սահմանին զորքեր է կուտակում, Ադրբեջանից սպառնալի հայտարարություններ են հնչում «իրանական առյուծի պոչը կտրելու» մասին, Հայաստանում էլ դեռ կան ռոմանտիկներ, որոնք մտածում են, թե շուտով Հայաստանի շուրջ նոր պատերազմ կսկսվի, ու հնարավոր է՝ մեր վիճակը թեթևանա։ Մինչդեռ իրականությունն այն է, որ եթե նոր պատերազմ սկսվի, դա լինելու է ոչ թե Հայաստանի շուրջ, այլ Հայաստանի համար։ Մենք իսկապես չափազանց վտանգավոր փուլում ենք, ու այս իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար նախ պիտի կարողանանք ճիշտ գնահատել իրավիճակն ու հասկանալ, թե ի՞նչն է փոխվել 44-օրյա պատերազմից հետո, և ի՞նչն է մնացել նույնը։
Սկսենք ամենակարևորից։ Այնպես չէ, որ մինչև վերջին պատերազմը մենք հզոր էինք, իսկ հիմա տարածաշրջանի ամենաթույլ պետությունն ենք։ Պատերազմից առաջ էլ էինք մենք տարածաշրջանի ամենաթույլ ու խոցելի պետությունը՝ բոլոր առումներով, բայց մեզանում այդ գիտակցումը չկար։ Բայց նաև՝ այնպես չէ, որ հիմա ադրբեջանական բանակը եթե ցանկանա, քայլերթով կհասնի Երևան։ Ոչ, ադրբեջանական բանակը չի կարողանա դա անել առանց դաշնակիցների աջակցության, ճիշտ այնպես, ինչպես մեկ տարի առաջ չէր կարողանա միայնակ հաղթել պատերազմում։ Այսինքն՝ մեծ հաշվով, այս հարցում նույնպես շատ բան չի փոխվել (ուրիշ բան, որ Հայաստանի իշխանությունները միտումնավոր ուռճացնում են մեր բանակի ջախջախվածության ու մեր անպաշտպանվածության աստիճանը, որպեսզի հասարակությունն ավելի հեշտությամբ մարսի կապիտուլյացիայի նվաստացուցիչ հետևանքները)։
Հաջորդը։ Այնպես չէ, որ մինչև պատերազմը Ռուսաստանը մեր դաշնակիցն էր, իսկ հիմա դարձել է մեր թշնամու դաշնակիցը։ Ոչ, Ռուսաստանին Արցախը հետաքրքրում էր ընդամենը որպես միջոց՝ մեր տարածաշրջանում իր ներկայությունն ամրապնդելու համար, ու հիմա էլ է այդպես։ Թուրքիային նույնպես Արցախն ընդամենը այդքանով է հետաքրքրում։ Թուրքիային հետաքրքրում է միայն Հայաստանն Իրանից կտրելը, ու միշտ էլ այդպես է եղել (պարզապես մինչև պատերազմը այդ կապը 145 կիլոմետր է եղել, հիմա՝ 45)։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա այնպես չէ, որ մինչև պատերազմը միջազգային հանրությունը ուր որ է պիտի ճանաչեր Արցախի անկախությունը, իսկ հիմա այդ թեման փակված է։ Ոչ, հիմա Արցախի 75 տոկոսը կորսված է, բայց ինքնորոշման իրավունքի իրացումը մնում է օրակարգում։
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա պրոբլեմն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, լինելով մեղմ ասած՝ սահմանափակ մտավոր կարողությունների տեր մարդ, որոշեց, որ այս բարդագույն իրավիճակի պատճառն Արցախն է, հետևաբար՝ եթե Հայաստանն Արցախից հրաժարվի, բոլոր հարցերը միանգամից կլուծվեն, ու տարածաշրջանում տևական խաղաղության դարաշրջան կսկսվի։ Ու քանի որ, սահմանափակ մտավոր կարողությունների տեր բոլոր մարդկանց պես նաև ահավոր համառ է, անգամ այսքանից հետո բութ համառությամբ շարունակում է ինքն իրեն ներշնչել, թե ամեն ինչ ճիշտ է արել, ամեն ինչ ավարտված է, մնում են մի քանի «տեխնիկական հարցեր», և վերջ՝ խաղաղության դարաշրջանն ուր որ է կսկսվի։
Եվ սա՝ այն դեպքում, երբ ոչ Արցախի հարցն է «լուծված», ոչ Թուրքիան ու Ադրբեջանն են հասել իրենց նպատակին, ոչ Ռուսաստանն ու Թուրքիան են ավարտին հասցրել «մեծ առևտուրը»։ Մի խոսքով՝ հիմնական պայքարը նոր է սկսվում։
Ու մենք այդ փուլին մոտենում ենք միտումնավոր պառակտված հասարակությամբ և էապես թուլացած ու սուբյեկտայնությունը կորցրած վիճակում՝ սահմանափակ մտավոր կարողությունների տեր ղեկավարներով։
Մարկ Նշանյան