...

Պայմանավորված մարտեր կերակրատաշտի շուրջ

Պայմանավորված մարտեր կերակրատաշտի շուրջ

2018-ի ապրիլյան հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը փոխեց կարգախոսը՝ հայտարարելով, թե մեր երեխաները ոչ թե ապրելու են, այլ արդեն իսկ ապրում են ազատ և երջանիկ Հայաստանում։ Այսինքն՝ իր պատկերացմամբ, իր իշխանության գալով երկրում այնպիսի կտրուկ փոփոխություններ էին եղել, որ միանգամից բոլորը երջանիկ էին դարձել։ Որոշ ժամանակ անց փոփոխություններ իսկապես էլ եղան․ բանանն էժանացավ, ԱԺ այգին քաղաքացիների համար բացվեց, կառավարության շենքի դուռն էլ «ժողովրդի դուռն էր», կուզեին՝ կջարդեին, չէին ուզի՝ չէին ջարդի։ Ավելի ուշ բանանն, իհարկե, նորից թանկացավ, ԱԺ ցանկապատն ավելի պինդ փակվեց, հեծանիվով աշխատանքի գնացող վարչապետին սկսեցին ուղեկցել հարյուրավոր ոստիկաններ և այլն, բայց զգացողությունը, որ «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներն արդեն իսկ ապրում են ազատ և երջանիկ Հայաստանում», մնաց։ Պարզապես հիմա խոսքն արդեն ոչ թե բոլոր քաղաքացիների, այլ ՔՊ-ական պաշտոնյաների մասին է։ Նրանք և՛ ազատ են (ոչ մի բանի համար պատասխանատվություն չեն կրում), և՛ հպարտ (ընտրություններում հաղթել են), և՛ երջանիկ (ահռելի պարգևավճարներ են ստանում)։ Իսկ պետությունը նրանց հետաքրքրում է այնքանով, որ ապահովում է իրենց այդ «կյանքը ուրախ, ապրուստը ձրի» վիճակը։

Ամբողջ խնդիրն այն է, որ ՔՊ-ական այս բիոմասսայի կենսատարածքը Հայաստանը չէ։ Նախկինում էլ էր այդպես։ Ե՛վ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի օրոք բարձրաստիճան պաշտոնյաների համար Հայաստանն ընդամենը աշխատավայր էր, հիմնարկ, որտեղ իրենք աշխատում են, իսկ վաստակածը տեղափոխում էին արտասահման, բիզնեսներ էին հիմնում, արտասահմանում էին հանգստանում, բուժվում, շոփինգի գնում, անգամ ծնունդներն ու կնունքներն էին արտասահմանում անում։ Իսկ ո՞րն է այսօրվա ՔՊ-ական ջահել-ջուհուլ պաշտոնյաների կենսատարածքը։ Օֆիս-Կասկադ-Օպերա-Սարյան եռանկյունու սրճարաններ։ Վերջ, իրենց հայրենիքն այդքանն է, այդ եռանկյունուց դուրս իրենք գոյություն չունեն, ոչինչ են։ Ի դեպ՝ մինչև հեղափոխությունն էլ էին այդ նույն եռանկյունում «բնակվում», պարզապես այն ժամանակ փողը տարբեր միջազգային կազմակերպություններից էին ստանում ու արտասահմաններում էլ թրև էին գալիս այդ կազմակերպությունների հաշվին, իսկ հիմա այդ ամենը բյուջեի հաշվին է։ Սա է, ուրիշ ոչինչ չի փոխվել։ Ու հիմա նրանց բացատրել, որ այդ եռանկյունուց դուրս էլ Հայաստան կա, այնտեղ էլ են մարդիկ ապրում, սահմանամերձ բնակավայրեր կան, գիշեր-ցերեկ դաշտերում աշխատող ու երեխաների համար կոշիկի գումար վաստակել չկարողացող գյուղացիներ կան, փորձել բյուջեի հաշվին Կասկադի սրճարաններում մոխիտո ֆռթացնողներին բացատրել, որ մեծ տարբերություն կա՝ ադրբեջանական պոստերը «ամայի-անբնակ» սարերի վրա՞ են, թե՞ մի քանի կիլոմետր այս կողմ․․․ 

Իսկ սոցիալական ահավոր պայմաններում հայտնված, բայց «հպարտ» քաղաքացիները հետևում են ԱԺ դահլիճում ու Երևանի կենտրոնի նույն սրճարաններում ընթացող լեզվակռվին (ընդդիմության դեմքերն էլ են, չէ՞, նույն եռանկյունու սրճարաններում մոխիտո ֆռթացնում) ու փորձում հասկանալ՝ ի վերջո կողմերից ո՞րն է ճիշտ։ Մինչդեռ քննարկելու բան չկա, երկուսն էլ նույն գործն են անում։ Ի դեպ՝ աշխատանքային նույն միջավայրում, նույն պայմաններով և գրեթե նույն եկամուտներով։ Հայտնի անեկդոտի երկու հրեա մուրացկանների պես՝ «լսեցի՞ր, Աբրամ, այս ռուսները որոշել են մեզ կոմերցիայի դասեր տալ»։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   904 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ