...

Պերմանենտ լարվածության մոդերատորները

Պերմանենտ լարվածության մոդերատորները

Հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական ուժերը մի քանի ուղղություններով գնդակոծել են Արցախի հայկական դիրքերը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ հայկական կողմն ունի 6 վիրավոր։ Հայկական կողմի քաղաքական արձագանքը միանգամայն կանխատեսելի էր՝ «հերթական սադրանք», «Ռուսաստանին ուղղված մարտահրավեր», և այլն։ Գնահատականները՝ գնահատականներ, բայց մենք առաջին հերթին պիտի հասկանանք, թե ինչ է տեղի ունենում իրականում, և ըստ այդմ էլ հակաքայլեր մշակենք։ 

Նոր պատերազմի հավանականությունը, համենայն դեպս՝ Արցախի ուղղությամբ, բավականին փոքր է։

Ադրբեջանը համարում է, որ ինչ հարց հնարավոր էր պատերազմով լուծել՝ արդեն լուծել է, Ղարաբաղը որպես ռազմաքաղաքական միավոր այլևս համարյա գոյություն չունի, և «գործը կարելի է ավարտին հասցնել» նաև այլ եղանակներով։ Պարզ ասած, պարբերաբար հայկական դիրքերը գնդակոծելով՝ Ադրբեջանը ոչ թե սադրանքներ է իրականացնում, այլ հստակ քաղաքական ծրագիր, որի նպատակն առաջիկա 4 տարիների ընթացքում Արցախն ամբողջովին հայաթափելն է։ Դրա համար պետք է անընդհատ պահպանել լարվածությունը և հայերի մեջ սպանել այն հույսը, թե երբևէ հնարավոր է լինելու Արցախում հանգիստ ապրել։ Դատելով արտագաղթի տեմպերից՝ նրանց մոտ դա վատ չի ստացվում։ Ավելին՝ առաջիկայում այդ խնդիրները խորանալու են, որովհետև Ադրբեջանն արդեն ռուսական կողմի առջև հարց է բարձրացնում, որ «օտարերկրյա քաղաքացիները» (հասկանալի է՝ նկատի ունի ՀՀ քաղաքացիներին) ապօրինաբար են մտնում Ղարաբաղ, ու քանի որ Ռուսաստանն էլ Ղարաբաղը «դե յուրե» Ադրբեջան է համարում՝ վաղ թե ուշ այդ հարցում սահմանափակումներ են մտցվելու։

Ռուսաստանին նույնպես պետք է շարունակական լարվածությունը։ Որովհետև եթե ինչ-որ հրաշքով Արցախում հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, իրենց խաղաղապահ առաքելությունն անիմաստ կդառնա։ Բայց այդ առաքելությունն անիմաստ կդառնա նաև այն դեպքում, եթե Արցախն ամբողջովին դատարկվի։ Հետևաբար՝ նրանց ձեռնտու է, որ Արցախում հայկական բնակչություն լինի (էական չէ՝ այդ բնակչությունը 150 հազա՞ր կլինի, թե՞ 50 հազար, 3,2 հազար քառակուսի կիլոմետրի վրա՞ կապրեն, թե՞ 2 հազար), բայց նաև՝ լարվածությունն անընդհատ պահպանվի։ Դատելով իրադարձությունների ընթացքից՝ նրանց մոտ նույնպես վատ չի ստացվում։ Երևի քչերն են նկատել, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական գնդակոծությունները սկսվեցին բառացիորեն րոպեներ անց այն բանից հետո, երբ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, թե նախօրեին Մարտակերտի շրջանում ադրբեջանական ավտոշարասյուն է գնդակոծվել։ Այսինքն՝ նախապես ասվեց, որ ադրբեջանական կողմի քայլերը «պատասխան գործողություններ» են լինելու, և րոպեներ անց այդ «գործողությունները» սկսվեցին։ Մի խոսքով՝ ի՞նչ է պետք որպես պաշտպան հանդես եկողին։ Որպեսզի պաշտպանյալը թույլ լինի, ագրեսորը՝ ուժեղ։ «Ничего личного», միայն պետական շահեր։

Ի՞նչ պիտի անի հայկական կողմն այս իրավիճակում։ Առաջին՝ հնարավոր բոլոր միջոցներով կանխի Արցախի հայաթափումը, և երկրորդ՝ հնարավորինս արագացնի քաղաքական բանակցությունները Արցախի կարգավիճակի շուրջ, քանի դեռ այնտեղ հայկական բնակչություն կա։ Դրա փոխարեն Հայաստանի իշխանություններն ընդամենը ձևացնում են, թե երկու ուղղություններով էլ աշխատում են։ Մինչդեռ իրադարձությունները շատ արագ են զարգանում։ Եվ «մեզ տրված» 3,5-4 տարին իրականում կարող է շատ ավելի կարճ տևել։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   646 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ