...

Պետրոս Ղազարյանը մի բան գիտեր

Պետրոս Ղազարյանը մի բան գիտեր

Քոչարյանական լրատվամիջոցներից մեկը գրել է, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրել է փոխել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը, քանի որ վերջինիս հետ բավական մոտ հարաբերություններ է ունեցել:

Նույն բանը՝ մեկ այլ քոչարյանական լրատվամիջոց, գրել էր երկու օր առաջ, մի հատ էլ կանխատեսել էր, որ Միշուստինը շուտով կպատժի Հայաստանին ու Փաշինյանին, որ իր ընկերոջը ազատ չեն արձակում:

Գիտե՞ք, թե այս տեղեկության հետ կապված ում հիշեցինք. երբեք չեք գուշակի՝ Պետրոս Ղազարյանին:

Մի 10 տարի առաջ լրատվամիջոցներից մեկը լուր էր հրապարակել, որ Գագիկ Ծառուկյանն ու Վարդան Օսկանյանը ԲՀԿ առաջնորդի առանձնատան այգում, շեշտում ենք՝ այգում, հանդիպել էին և ինչ-որ կարևոր հարց քննարկել: Նույնիսկ այդ զրույցից մեջբերումներ էր արել, որ Ծառուկյանը սենց բան ասաց, Օսկանյանն այսպես պատասխանեց... 

Պարզ է, չէ՞, որ նման տեղեկության արտահոսքը կարող էր կամ Ծառուկյանից լինել, կամ՝ Օսկանյանից, կամ էլ՝ ինչպես Պետրոս Ղազարյանն էր իր ֆեյսբուքյան էջում գրել, այդ լրատվամիջոցի ղեկավարը Ծառուկյանի այգում՝ ծառերից մեկի հետևում կանգնած, թաքուն լսել էր նրանց զրույցը: Այդ լրատվամիջոցի ղեկավարն էլ պատասխանեց Պետրոսին՝ բավական թունդ բառերով, ինչ ասես, որ չասեց, հետո ոնց որ թե իրար բլոկեցին:

Հիմա մենք համարձակվենք ասել, որ երբ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունենում այլ երկրների ղեկավարների հետ, արդեն մի երկու տարի է, նրանց զրույցների ժամանակ սեղանի տակ, վերելակում, պահարանում կամ կոնսպիրոլոգիայի՝ դեռևս մեզ անհայտ վայրերում, պարտադիր քոչարյանական լրատվամիջոցների որևէ ներկայացուցիչ է թաքնված լինում: Մանրամասն լսում է, թե ինչպես է ՌԴ վարչապետը խնդրում Փաշինյանին փոխել Գագիկ Խաչատրյանի կալանքը, ՌԴ նախագահը խնդրում է Քոչարյանի կալանքը փոխել, ԵԽԽՎ նախագահը խնդրում է արագ լուծել ՍԴ-ի հարցը ու այդպես շարունակ: Ոչ մի զրույց, ոչ մի բանակցություն, քննարկում հնարավոր չէ փակ դռների ետևում անցկացնել, քոչարյանականները ամեն տեղ կարողանում են խցկվել:

Շատ արդյունավետ միջոց է. կարող ես գրել, որ Թրամփը Նիկոլ Փաշինյանին գիշերը ժամը 3-ին զանգել է ու մեղադրել Սորոսի հրահանգները չկատարելու մեջ: Ոչ Սորոսն է սա հերքողը,  ոչ՝ Թրամպը, ոչ էլ՝ Փաշինյանը, հետևաբար, տեղեկությունը ճիշտ է: Ահա այսպես անխափան է գործում քոչարյանական քարոզչամեքենան:

Այսպիսի տեղեկություններով փորձում են հանրության շրջանում տպավորություն ստեղծել, թե Ռուսաստանի ղեկավարները, բան ու գործ թողած, օրը երեք անգամ զանգում են Փաշինյանին ու բարեխոսում այս կամ այն հանցագործի, օլիգարխի համար: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ