Այն բանից հետո, երբ Վճռաբեկ դատարանը արդարացրել է 2008-ի Մարտի 1-ի գործով ևս 9 քաղբանտարկյալի, նրանց մեղադրանք ներկայացրած դատախազներից մեկը՝ Կորյուն Փիլոյանը, 1in.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն հարցին՝ ինչպես կվերաբերվի, եթե արդարացման վճիռներին հաջորդի սխալ որոշում կայացրածների պատասխանատվության գործընթացը՝ ասել է. «Նորմալ, կարելի է սաղիս էլ տանել կալանավորել, ինչ է պատահել։ Բայց դատարանները նաև նրա համար են, որ արդարացնեն։ Դատարանները և՛ դատապարտում են, և՛ արդարացնում են»:
«ՉԻ». Իմիջիայլոց, Կորյուն Փիլոյանը հենց այդ ոճով էլ աշխատել է տարիներ շարունակ. ինքը նորմալ է համարել, որ սաղին կարելի է կալանավորել: Կապ չուներ, մեղադրանքը հիմնավոր էր, անհիմն էր, մեկ է, պիտի նստեցնել:
Այնպես որ, Կորյուն Փիլոյանին հանգիստ կարելի է կալանավորել: Նախ, որովհետև դրա համար հիմքեր կան, այս մարդը շինծու գործեր է կարել տասնյակ մարդկանց վրա, ապօրինի մեղադրանքներ ներկայացրել ու կատարել իշխանությունների հրահանգները, երկրորդ՝ եթե սաղին կարելի է կալանավորել, ուրեմն, ինքն էլ է այդ սաղի մեջ մտնում, թող նստի, ի՞նչ է պատահել որ:
Ի դեպ, նույնը կարելի է ասել մյուս դատախազների մասին, որոնց գործերով քաղբանտարկյալները արդարացվել են: