Նորաշեն համայնքում վերջին մի քանի օրերին բողոքի ակցիաներ են: Ցուցարարները, մեկը մյուսին հերթ չտալով, պնդում են, թե իբր Արարատի մարզպետն անօրինաբար հեռացրել է Նորաշեն համայնքի գյուղապետ Նորայր Գրիգորյանին։
Նախ հասկանանք արդեն նախկին գյուղապետի լիազորությունները դադարեցնելու օրինականությունը, ապա մեկ առ մեկ դիտարկենք, թե կազմակերպված ցույցերի ֆրոնտում ովքեր են կանգնած։
Այսպես՝ ի՞նչ ընթացակարգով է Նորայր Գրիգորյանն ազատվել համայնքապետի պաշտոնից. Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ արձանագրությունը կայացվել է Նորաշեն համայնքի ավագանու կողմից՝ ըստ ՏԻՄ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջների, հետևաբար Արարատի մարզպետը համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու իրավասություն չունի:
Սեպտեմբերի 11-ին Արարատի մարզպետարան համայնքի ավագանու կողմից ուղարկվել է ավագանու արձանագրությունը՝ Նորաշեն համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով Նորաշեն համայնքի ղեկավարի կողմից ավելի քան 6 ամիս անընդմեջ համայնքի ավագանու նիստ չհրավիրելու հանգամանքը: Դրանից հետո մարզպետ Գարիկ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համայնքի ղեկավարը ՏԻՄ օրենքի դրույթներով իրեն վերապահված պարտականությունները չի կատարել՝ իր անգործությամբ հանգեցնելով ավագանու նիստերի չկայացմանը:
Աշխատանքային խմբի կողմից իրականացված ուսումնասիրությունից հետո խմբի կազմված ուսումնասիրության ակտը Նորաշեն համայնքի ավագանու արձանագրությունը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ՝ Արարատի մարզպետարանը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՏԻՄ օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասով համապատասխան ընթացք տալու համար:
Սեպտեմբերի 27-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կողմից Արարատի մարզպետարան գրություն է ստացվել, որով հայտնել են, որ նախարարության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ նշանակելու, անցկացնելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը: Միևնույն ժամանակ համայնքի բնականոն առօրյան չխաթարելու, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների շարունակականությունն ապահովելու նպատակով խնդրել են նշանակել Նորաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ինչն էլ արվել է Արարատի մարզպետի համապատասխան կարգադրությամբ:
Հիմա գալիս ենք, թերևս, ամենահետաքրքիր մասին։ ՀՀ-ում «բողոքի ակցիաների» ավանդույթ է ձևավորվել, որոնց մեծամասնության հետևում երևում են հայտնի մերժվածների ականջները։ Ավանդական այս ցույցերից է նաև, այսպես կոչված, «Նորաշենի ցույցը», բայց, ի դժբախտություն այս մարդկանց, այս ցույցերի իրական կազմակերպիչներն այնքան էլ շռայլ չեն՝ այստեղ «պիցցա» չի բաժանվում։ Ջանասիրաբար փորձ է արվում ցույց տալ, թե ամբողջ գյուղն է միաձայն Նորայր Գրիգորյանի ազատման դեմ, սակայն, եթե ուշադիր հետևենք, կհասկանանք՝ 3000 և ավելի բնակիչ ունեցող գյուղի միայն քիչ տոկոսն է բողոքում վերջինիս լիազորությունների դադարեցման դեմ, այդ տոկոսի մեջ մտնում են համայնքապետարանի աշխատակիցները, Նորայր Գրիգորյանի երեք մորաքույրները, հայրը, տատը, եղբոր զոքանչը, գյուղի «ՀՀԿ տատիները», համայնքապետին պատկանող հեկտարներով ջերմոցների աշխատողները, անհայտ անձինք, որոնք համայնքի հետ կապ չունեն և ուշադրություն՝ ՀՀ-ում ամենուրեք զանազան ցույցերի ակտիվ մասնակցություն ունեցող որոշ մարդիկ, որոնք էլ առաջնորդում են ցույցերը։
Ովքե՞ր են նրանք. ակցիան ակնհայտորեն ուղղորդված է՝ ցուցարարների առաջին շարքում կանգնածները նորաշենցի չեն, ոմանք անգամ մարզից էլ չեն։ Նրանցից ակտիվությամբ ամենաշատն աչքի է ընկնում Ալինա Մախսուդյանը։ Նա Նորաշեն համայնքից չէ, հանդես է գալիս որպես «Ուժ և իրավունք» ՀԿ նախագահ։ Ալինա Մախսուդյանի համբավը մարզում հայտնի է զանազան ակցիաների մասնակցելուց։ Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ վերջինս նախքան Նորաշենում ընթացող բողոքի ակցիաները, կարելի է ասել, մարզպետ Գարիկ Սարգսյանի աշխատասենյակի առաջ է քնել, ամեն կերպ փորձել է կապի դուրս գալ նրա հետ, բայց որպես «արդարության աղավնի» հանդես եկող այս կնոջը մարզպետը, մեղմ ասած, արհամարհել է։ Սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ, ի տարբերություն Գարիկ Սարգսյանի, Ալինա Մախսուդյանն ազատ ելումուտ է ունեցել Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգյսյանի աշխատասենյակ։ Դե, կարելի է ենթադրել, որ այս տիկինը կարող է աշխատել ցանկացածի համար՝ փողին ու վերաբերմունքին մուննաթ։ Հաջորդ ակտիվ «ցուցարարները» Վարդան և Վահագն Մինասյան եղբայրներն են։ Վարդան Մինասյանը Նորաշենի համայնքապետարանի գլխավոր մասնագետ է, Վահագն Մինասյանն Արտաշատի քաղաքապետարանում է աշխատում։ Եղբայրներն իրենց հոր՝ Սամվել Մինասյանի հետ մարզում հայտնի են որպես ՀՀԿ-ի «տասովչիկներ»։ Նրանք ՀՀԿ-ի հավատարիմ զավակներն են, աշխատում են հետևյալ սկզբունքով՝ շեֆը ոնց ասի։ Դե, հասկանալի է՝ շեֆերը վերջիններիս «քսի են տվել» մարզպետի վրա։
Եվ, վերջապես, դիմավորեք Բաբկեն Հարությունյանին՝ «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգողին։ Իսկ թե այս երիտասարդը, Երևանում բնակվելով հանդերձ, ի՞նչ է կորցրել Արարատի մարզում, թողնում ենք ձեր վառ երևակայությանը։