ԱԺ իշխանական պատգամավորների աշխատասենյակների պատերին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի հայտնվելը կարգին բարկացրել է նրանց, ովքեր դեռ հավատում էին, թե նրա հեղափոխության նպատակներից մեկն էլ նախկին արատավոր բարքերը վերացնելն էր։ Միայն թե չասեք՝ «Նիկոլը երբևէ տեղյակ էլ չի եղել, ԱԺ ղեկավարությունն է դա արել սեփական նախաձեռնությամբ»։ Եթե նույնիսկ այդպես է, Ալեն Սիմոնյանը հաստատ դա արել է՝ հրաշալի իմանալով «շեֆի» ճաշակը և վստահ լինելով, որ այդ նախաձեռնությունը նրան շատ դուր կգա։
Խորհրդային տարիներին Երևան-Սևան մայրուղու աջակողմյան լանջին եղևնիներով ռուսերեն գրված էր «Լենին» (մեծ մասը մինչև հիմա էլ պահպանվել է)։ Եվ ահա անկախացումից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձել էր նախագահ, պաշտոնյաներից մեկն առաջարկել էր տառերը ձևափոխել և դարձնել «Լևոն»։ Առաջարկը ոչ միայն կտրուկ մերժվել էր, այլև առաջարկի հեղինակը կարճ ժամանակ անց հրաժեշտ էր տվել պաշտոնին։ Իսկ Նիկոլի նկարը պետական հիմնարկներում փակցնելու առաջարկի հեղինակը հաստատ չի պատժվի, ավելի հավանական է, որ կպատժվեն չփակցնողները։ Ընդ որում՝ այս ամենի մեջ զարմանալին միայն այն է, որ Հայաստանում դեռ նման բաների վրա զարմացողներ կան։ Կարծես իրենց աչքի առաջ չէր, որ հեծանիվով աշխատանքի գնացող վարչապետը կարճ ժամանակ անց սկսեց տեղաշարժվել առնվազն 200 թիկնապահներով, ճամփեզրին «սիմինդ-փարթի» անողը սկսեց հոխորտալ, թե իր առանձնատան նորոգման վրա ոչ թե 2 միլիոն դոլար է ծախսել, այլ «ընդամենը» 200 հազար, և այլն։
Խնդիրը որևէ մեկի անձնական որակները չեն։ Ի վերջո մարդիկ տարբեր են լինում։ Մեկը կարող է փառամոլ լինել, մյուսը՝ ագահ, մի ուրիշը՝ համեստ, չորրորդը՝ ազնիվ, հինգերորդը՝ պաթոլոգիկ սուտասան, և այսպես շարունակ։ Խնդիրն այն է, որ պետության ղեկավարի դեպքում նրա անձնական որակներն ուղղակիորեն ազդում են պետական կառավարման համակարգի և վերջին հաշվով՝ պետության որակի վրա։ Հասկանալի է․ չէ՞, օրինակ, որ սեփական անսխալականության մեջ համոզված ու իր հասցեին հնչող գովեստներից հիվանդագին կախվածության մեջ ընկած փառամոլը պիտի իրեն շրջապատի պնակալեզ շողոքորթներով, առանցքային պաշտոններում պիտի նշանակի այնպիսի մարդկանց, ովքեր առանց իրեն ոչինչ են ու ամեն ինչի համար իրեն են պարտական, ու դա ի վերջո պետական կառավարման համակարգի «հերը կանիծի»։ Բացի այդ էլ՝ եթե մարդը համարում է, որ «հասարակ ժողովուրդը պաշտում է իրեն», ու միաժամանակ հասկանում է, որ առանց դրա ինքն ապագա չունի, պիտի փորձի ամեն գնով պահպանել այդ «պաշտամունքը»։ Իսկ դրա ամենահեշտ ձևը անընդհատ ժողովրդին խաբելն է, և իհարկե՝ ինֆորմացիոն վակուումի մեջ պահելն ու թույլ չտալը, որ ժողովուրդը հասկանա, թե ինչ է կատարվում իրականում։ Այսինքն՝ նման անձնական որակներ ունեցող ղեկավարն ուզած-չուզած պիտի սահմանափակի մամուլի ազատությունը, պիտի թույլ չտա, որ հանրային գիտակցության մակարդակը բարձրանա «ժեխայինից», պիտի քայլ առ քայլ զրոյական մակարդակի հասցնի կառավարության գործունեության թափանցիկությունը, «կասկածողների» նկատմամբ բռնաճնշումներ իրականացնի, և այսպես շարունակ։
Ունի՞ արդյոք Հայաստանն այսպիսի հիվանդագին ամբիցիաների դիմակայելու ռեսուրս։ Հազիվ թե։ Չէ, Օրուելի «Անասնաֆերման» արգելել ու առկա օրինակները գրախանութներից հավաքել այս իշխանությունները գուցեև կարողանան (հընթացս «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին» բացատրելով, որ այդ վեպը լևոնա-ռոբա-սերժական հանցավոր իշխանությունների պատվերով է գրվել, հոնորարն էլ Սաշիկն է վճարել), բայց ավելին անել չեն կարող։
Պարզապես ժամանակն է ափսոս։
Մարկ Նշանյան