...

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության անհասկանալիորեն հպարտ քաղաքացիներ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և քանի որ գետանցի ժամանակ չեն փոխում ոչ միայն ձիերին, այլև որպես տրանսպորտային միջոց ծառայող այլ չորքոտանիների՝ կոչ ենք անում ևս մեկ անգամ վստահել մեզ և Ձեր ձայնը տալ մեր աննախադեպ քաղաքական ուժին։

Ստորև ներկայացնում ենք այն ծրագիրը, որը կօգնի Հայաստանը դուրս բերել այս՝ չգիտես ում մեղքով ստեղծված ծանր վիճակից։ Եվ այսպես։

1․ Ներքին քաղաքականություն

 ա․ Սիրում ենք բոլորիդ, 
 բ․ Հպարտանում ենք բոլորովդ, 
 գ․ Խոնարհվում ենք բոլորիդ առաջ,
 դ․ Մյուսների հետևից կգան։ 

2․ Արտաքին քաղաքականություն

Հայաստանը ձգտելու է բարիդրացիական հարաբերություններ հաստատել իր բոլոր 4 (իսկ ճանապարհների ապաշրջափակումից հետո՝ բոլոր 3) հարևանների հետ։

3․ Պաշտպանություն և անվտանգություն

ա․ ՀՀ զինված ուժերի արդիականացման շրջանակներում նախատեսում ենք արմատապես վերանայել պարտադիր ժամկետային զինծառայության ներկա համակարգը։ ՀՀ զինապարտ քաղաքացիները բանակում կծառայեն 12 տարին մեկ՝ առավելագույնը 3 աշխատանքային օրով, կամավորության սկզբունքով։

բ․ Բանակը ժամանակակից սպառազինությամբ համալրելու գործընթացը կլինի առավելագույնս թափանցիկ։ Անհրաժեշտ սպառազինության լուսանկարները կտեղադրվեն ֆեյսբուքում, և ձեռք կբերվեն ամենաշատ լայք հավաքած զինատեսակները։

գ․  ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովվում է Google maps-ով, իսկ ռուս սահմանապահների պատասխանատվության տակ գտնվող հատվածներինը՝ Yandex-ով։

4․ Տնտեսություն

ա․ ՀՀ տնտեսության թռիչքային զարգացման պատասխանատուն Ազգային վիճակագրական ծառայությունն է։

բ․ ՀՀ կառավարությունը պարտավորվում է յուրաքանչյուր եռամսյակի վերջում ներկայացնել 100 փաստ՝ ազգաբնակչության տրամադրությունը բարձրացնելու նպատակով։

գ․ Կառավարության կազմում կստեղծվի նոր ստորաբաժանում՝ բարձր տեխնոլոգիաների, կանեփագործության և ժամանակակից յոնջայաբուծության նախարարություն։

դ․ ՀՀ-ում երաշխավորվելու է հավասար մրցակցությունը։ Բոլոր գործարարները պիտի «Իմ Քայլը» հիմնադրամին աջակցելու հավասար հնարավորություններ ունենան։

5․ Սոցիալական ոլորտ

ա․ Աղքատությունը մարդկանց գլուխներում է։

բ․ Աղքատության նվազեցման նպատակով պարտավորվում ենք 3 ամիսը մեկ ռենտգենով նկարահանել մարդկանց գլուխները՝ աղքատության մակարդակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու նպատակով։

6․ Առողջապահություն

Օրը մի քանի անգամ լվացվեք։

7․ Մշակույթ

ա․ Մշակույթը Լիլիթ Մակունցի մեջ է։

բ․ Հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու նպատակով Լիլիթ Մակունցին 3 ամիսը մեկ նշանակելու ենք որևէ երկրում ՀՀ դեսպան։

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ։ Մենք Ձեզ ընտրակաշառք չենք խոստանում (փողն անգամ պարգևավճարներին չի հերիքում)։ Բայց եթե որևէ այլ ուժի ներկայացուցիչներ Ձեզ ընտրակաշառք առաջարկեն՝ անմիջապես դիմեք իրավապահներին կամ մեր գրասենյակներ, և որպես գիտակից քաղաքացիներ կստանաք նրանց առաջարկածի եռապատիկը։ 

Սիրում ենք բոլորիդ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   864 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ