Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Լսեցի ԼՏՊ-ի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը։
Բրավո, պարոն նախագահ։ Ալիևի հանցանքները մեր ժողովրդի նկատմամբ սկի իր հայրը չէր կարողանա այդքան լավ արդարացնել։ Ձեզ մոտ դա հրաշալի ստացվեց։ Լավ բան արած լինեիք, կասեի՝ հիացած եմ»։
«ՉԻ». Սա հենց այն տեսակի քաղաքագետներից է, որոնց մասին հեգնանքով խոսեց Տեր-Պետրոսյանը: Ունենալով արցախյան ծագում՝ վաղուց հաստատվել է Հայաստանում, չմեկնեց հայրենիքը պաշտպանելու, փոխարենը տարիներ շարունակ քարոզում էր, որ ոչ մի բան էլ պետք չէ զիջել, ստատուս-քվոն էլ եթե պետք է փոխվի, ապա միայն նոր տարածքներ ազատագրելու տեսքով: Տարիներ շարունակ էլ պաշտպանում էր Քոչարյանի ու Սարգսյանի ռեժիմները՝ երբեք չբարձրաձայնելով, որ նրանց քաղաքականությունը բերելու է աղետի:
Սույն քաղաքագետը պատկանում է քաղաքագետների այն դասին, որոնց համար ռեալ-պոլիտիկը շքեղություն է: Իրենք իրենց վերլուծությունները կառուցում են պաթոսի ու կենացի համադրությունից:
Տեր-Պետրոսյանը հանրամատչելի բացատրում է, թե որտեղից են գալիս ադրբեջանական ներկա ռեժիմի առավելապաշտական նկրտումները, իսկ քաղաքագետը դա վերագրում է նրան, թե առաջին նախագահը արդարացնում է Ալիևին: Հարցազրույցը հայերեն էր. եթե Մելիք-Շահնազարյանի գրառումը կանխակալ չէ, կարող է մի անգամ էլ նայել, և եթե մնա նույն տեսակետին, պարզապես պարտավոր է հայոց լեզվի կրկնուսույց վարձել: