...

Քաղաքական հայացքների համար կադրային ջարդը հավաքարարների՞ն էլ հասավ

Քաղաքական հայացքների համար կադրային ջարդը հավաքարարների՞ն էլ հասավ

Օրերս Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանի հրահանգով ինստիտուտի երկարամյա հավաքարարներից մեկը դիմում է գրել և ազատվել աշխատանքից: Մեր աղբյուրի հավաստմամբ՝ ինստիտուտի տնտեսական և սպասարկման բաժնի ղեկավար Հակոբ Հակոբյանը հավաքարար Մ-ին տեղեկացրել է, որ ռեկտորը վերջինիս այլևս չի ուզում տեսնել ինստիտուտում, և նա իր կամքով պետք է աշխատանքից ազատման դիմում գրի ու խելոք հեռանա, ապա թե ոչ՝ «իրենք կազատեն աշխատանքից, կապ չունի, որ նա 25 տարի աշխատում է նույն հիմնարկում»: Մ-ին զայրացրել է այդ հանիրավի պահանջը։ Նա աշխատանքային ընկերուհուն (ում փեսան ռեկտորի համակուրսեցին է), մեղադրել է քաղաքական թեմաներով իրենց անձնական զրույցները, մասնավորապես՝ իշխանությունների և Փաշինյանի մասին, տեղ հասցնելու մեջ և հրաժարվել ազատման դիմում գրել՝ պնդելով, որ իրեն անօրինական կերպով են նման բան առաջարկում: Բայց Հակոբը պնդել է, որ անկախ ամեն ինչից կինը պետք է հեռանա, քանի որ «ռեկտորը չի հանդուրժի, որ իրենց մասին ավել-պակաս խոսողները մնան ու աշխատեն իր ղեկավարած հիմնարկում»։ Հավաքարար Մ-ը սկզբում ընդդիմացել է, հայտարարել, որ անօրինական են իրեն նման բան կարգադրում, բայց ի վերջո աշխատանքից ազատման դիմում է գրել: Ինստիտուտից հայտնեցին. «Ինստիտուտի երկու հավաքարար աշխատակցուհիների միջև տեղի է ունեցել միջանձնային վիճաբանություն (չի վերաբերել նրանց աշխատանքային գործունեությանը և քաղաքական հայացքներին), որն ընդամենը կրել է կենցաղային բնույթ։ Վեճը շարունակվել է նրանց անմիջական ղեկավարի՝ տնտեսական և սպասարկման բաժնի ղեկավարի աշխատասենյակում, որը փորձել է նրանց հանդարտեցնել և հասկացնել, որ աշխատավայրում անթույլատրելի է գոռգոռոցով միմյանց անպատվել և անձնական վիրավորանքներ հասցնել։ Դուրս գալով իրենց ղեկավարի աշխատասենյակից՝ վիճաբանող աշխատակցուհիներից մեկը՝ Մայրանուշ Ավագյանը, աշխատանքից ազատման դիմում է գրել և իր դիմումի համաձայն ազատվել աշխատանքից»: Նշենք, որ թեև ինստիտուտի ռեկտորը այնքան էլ վաղուց չէ, ինչ պաշտոնավարում է, սակայն մամուլը քանիցս անդրադարձել է Դավիթ Խիթարյանի կողմից իրականացվող կադրային քաղաքականության «մութ կողմերին», մասնավորապես՝ անհարկի ազատումներին, ինչը ռեկտորը հերքել է:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1689 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ