...

Քաղբանտարկյալներն ու քաղազատարձակյալները

Քաղբանտարկյալներն ու քաղազատարձակյալները

Հայաստանն իսկապես վերածվել է ծուռ հայելիների թագավորության։ Իշխանությունները գոռգոռում էին, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», ու արդյունքում Արցախն այլևս Հայաստան չէ, ասում էին «հպարտ քաղաքացիներ», ու արդյունքում կորցրեցինք այն ամենը, ինչով կարող էինք հպարտանալ, խոստանում էին նախկիններին փռել ասֆալտին, բայց առոք-փառոք բերեցին խորհրդարան, խոստանում էին պայքարել բյուջեն լափելու դեմ ու արդյունքում իրենք են «օրենքով» լափում այդ նույն բյուջեն, և այլն։

Զավեշտն այնտեղ է հասել, որ Քոչարյանի խմբակցության պատգամավորներն Ազգային ժողովի դահլիճ են մտնում շապիկներով, որոնց վրա պատկերված են իրենց «քաղբանտարկյալները»։ Խոսքը, հիշեցնենք, այն նույն Քոչարյանի մասին է, որի օրոք հարյուրավոր քաղբանտարկյալներ տարիներով մնում էին բանտերում, որի օրոք ոստիկաններն ամեն օր տասնյակ մարդկանց քարշ էին տալիս բաժիններ՝ ընդամենը Հյուսիսային պողոտայում զբոսնելու համար, և այսպես շարունակ։ Բայց էականը սա չէ։ Ի վերջո՝ «ժողովրդավարության առաջամարտիկ» դաշնակների կամ «Հայաստան» դաշինքի մյուս ազնվագույն պատգամավորների շապիկներին պատկերվածները գուցե իսկապես քաղբանտարկյալներ են։ Խնդիրն այն է, որ քաղբանտարկյալների առկայությունից բողոքում են այն նույն նախկինները, որոնց շարքերում «քաղազատարձակյալներն» անհամեմատ ավելի շատ են։ Հասկանալի է՝ նկատի ունենք նրանց, ում Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ազատ է արձակել (կամ չի էլ բռնել) քաղաքական պատճառներով։ 

Ինչպե՞ս կվարվեր ցանկացած նորմալ երկրի ցանկացած իշխանություն, ասենք, այն նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք իրենց պաշտոնավարման ընթացքում մուլտիմիլիոնատերեր են դարձել ու չեն էլ թաքցնում դա (պաշտոնապես դոլարային միլիոնատերեր են և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի ընտանիքի գրեթե բոլոր անդամները՝ առանձին-առանձին)։ Ճիշտ է, պատասխանատվության կենթարկեին։ Իսկ ինչպե՞ս վարվեց Նիկոլ Փաշինյանը։ Ճիշտ է, հասկացավ, որ նրանք իր համար իդեալական քաղաքական հակառակորդներ են, ձևի համար մի քանի անգամ բռնեց-բաց թողեց, վարկանիշները բարձրացրեց, ներքաշեց քաղաքական պայքարի մեջ ու հասցրեց խորհրդարան։ Սա ձեռնտու է նաև այլ առումով։ Հայաստանում «հինավուրց, գեղեցիկ ավանդույթ» է ձևավորվում՝ կարելի է իշխանության հասնելուն պես սկսել ագահաբար թալանել երկիրը, բնականաբար՝ վաստակել ժողովրդի համընդհանուր ատելությունը, բայց իշխանությունը կորցնելուց հետո մնալ քաղաքականության մեջ և հարկ եղած դեպքում ներկայանալ որպես քաղբանտարկյալ։ Համաձայնվեք՝ Նիկոլ Փաշինյանին շատ ձեռնտու է նման «ավանդույթի» ձևավորումը, որովհետև մոտ ապագայում նա կարող է հայտնվել այն նույն վիճակում, որում հիմա Քոչարյանն ու Սարգսյանն են։ Ու հնարավոր է՝ ինքը նույնպես դառնա «քաղազատարձակյալ», այսինքն՝ իրեն նույնպես պատասխանատվության ենթարկելու փոխարեն օգտագործեն որպես հարմար ընդդիմություն։

Ճիշտ է, Հայաստանը դրանից միայն կտուժի, բայց դա ոչ նախկիններին է առանձնապես հետաքրքրում, ոչ էլ Նիկոլ Փաշինյանին։ Նրանց բացառապես իրենց կոմֆորտն է հետաքրքրում, հատկապես Փաշինյանին։ Չեք հավատում՝ վերջին երեք ամենաուշագրավ որոշումները նայեք։ Պատգամավորների «գրպանի ծախսի» հնգապատիկ ավելացում, ԱԺ-ում լրագրողների գործունեության սահմանափակում և պաշտոնյաներին հայհոյելու համար ահռելի տուգանքների սահմանում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մի հասարակություն, որն այս պարզունակ խաղերը չի հասկանում ու անընդհատ կուլ է տալիս նույն խայծը, հազիվ թե արժանի է ավելի որակյալ պետության։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   755 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ