Արայիկ Հարությունյանին ԿԳՍՄ նախարարի պաշտոնից ազատելու առնվազն մի քանի տասնյակ պատճառ կար:
Մարդը ձախողել էր ամենը, ինչ հնարավոր էր: Նախարար, որ իրեն պահում էր դեռահաս աղջկա պես, նեղանում և հաճախ ոչ ադեկվատ էր իրեն պահում: Կարելի է հիշել բազմաթիվ դեպքեր, երբ նրա մեկնաբանությունները միարժեքորեն չեն ընդունել անգամ թիմի անդամները:
Նախարար, որ առնվազն երկու բուհերում քաոս ստեղծեց: ԵՊՀ-ն և Տնտեսագիտական համալսարանը երկու տարի է, ինչ տառապում են նախկին նախարարի որոշումներից, քանի որ անգամ Հարությունյանի մտերիմները չէին հասկանում, թե ի վերջո ինչ է ցանկանում նախարարը:
Ասվածի վկայությունն է, որ ամենից շատ հրաժարականներ տվել են ԿԳՍՄ փոխնախարարները, քանի որ չեն կարողացել աշխատել քմահաճ, որոշումները անընդհատ փոխող և ռազմավարություն չունեցող նախարարի հետ:
Այսօր Հարությունյանը հպարտանում է, որ բոլորը՝ ուսուցիչները, դասախոսները և ստեղծագործողները, աննախադեպ ազատ են: Ազատությունը խառնել է անտերության հետ և հպարտանում է:
Ամենևին պատահական չէ, որ գործող իշխանության նկատմամբ ամենաշատ ընդդիմությունը հենց վերը նշված շրջանակներից է:
Բայց այս ամենով հանդերձ զավեշտալի է, որ Արայիկ Հարությունյանին հեռացնում են պատերազմի արդյունքների հիման վրա: Իսկ եթե պատերազմը կապ չունի, և Հարությունյանը հեռացվել է վերը նշված պատճառների հիման վրա, ապա Փաշինյանը պետք է մի լայվ էլ այս թեմային նվիրի՝ այն կրկին վերնագրելով «Իմ մեղքը»: Իմ մեղքը, որ 2.5 տարի այսպիսի նախարար պահեցի: