Ռոբերտ Քոչարյանը՝ ռուսական ՌԲԿ-ի հետ հարցազրույցում անդրադառնալով այն հարցին, որ երբ նա 2008 թվականին հեռանում էր քաղաքականությունից՝ կարծելով, որ ընդմիշտ է հեռանում, արդյոք դա էր պատճառը, որ իր փոխարեն թողեց Սերժ Սարգսյանին, ասել է. «Մասամբ այո, ես կարծում եմ, որ իր հետնորդի հարցը մտահոգում է ցանկացած պետության ղեկավարի: Դա բնական է, երբ ուզում ես տեսնել մի մարդու, որը կշարունակի քո քաղաքական կուրսը, և որ այդ կուրսը չի փլուզվի: Դու պատասխանատու ես դրա համար և ուզում ես, որպեսզի դա շարունակվի: Այստեղ հարցն ավելի խորն է, քան պարզապես իշխանության փոխանցումը»:
«ՉԻ». Ուշադրություն դարձրեք, որ Ռոբերտ Քոչարյանը չի էլ թաքցնում, որ ինքը իր անձնական սեփականությունն է համարել իշխանությունը և 2008-ին ընդամենը դարդ է արել, թե այդ իշխանությունը ում ժառանգի:
Այսինքն՝ մարդն ընդունում է, որ ի սկզբանե որոշված է եղել, որ 2008-ին Հայաստանի ղեկավար պետք է դառնա Սերժ Սարգսյանը: Ի՜նչ ընտրություն, ի՜նչ ընտրող, ի՜նչ բան, թքած այդ ամենի վրա, Հայաստանն իրենց հոր բոստանն է եղել, որոշել էին, ուրեմն՝ պիտի անեն: Ու իրենք 2008-ի համաժողովրդական բողոքի ալիքներն ու ընդվզումը համարում էին որպես ոտնձգություն իրենց սեփականության վրա: Պետք լիներ կեղծել, կկեղծեին, կրակելու անհրաժեշտություն լիներ, կկրակեին, բա ո՞վ է տեսել, որ մարդը իր սեփականությունը ուրիշին տա: