Ռոբերտ Քոչարյանի փեսան՝ Վիգեն Չատինյանը, ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կարծում եմ, երբ նորաթուխ քաղաքական գործիչները ասում են՝ չի լինելու վերադարձ հնին, պետք է հստակեցնել՝ ինչ նկատի ունեն։
Արդեն համեմատության մեջ մենք տեսնում ենք, որ մասնագիտական, անցած ճանապարհի, փորձառության, արդյունավետության և այլ կարևոր, քաղծառայողին բնորոշ որակների առումով այդ հները շատ ավելի լավն էին։
Հներին մեղադրում էին բյուջեն ուտելու մեջ, հիմա եթե չեն ուտում, էտ ավելցուկը ո՞ւր է: Կամ եթե չեն ուտում, ինչո՞ւ են 250մլն դոլար նոր պարտք վերցնում, այլ ոչ թե չկերածը ծախսում»:
«ՉԻ». Այսպիսի դեպքերի համար է ասված՝ էշին փալան չեկավ, հայաստանյան քաղաքական դաշտին՝ փեսա: Բայց, գոնե, Միքայել Մինասյանն այնքան խելք ունի, որ ֆեյսբուքյան գրառումների վրա փող է ծախսում և դրանց գրելը հանձնարարում որոշակի հմտություններ ունեցողներին: Քոչարյանի փեսան շարժվել է Հովիկ Աբրահամյանի խորհրդով՝ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ:
Չէր խանգարի մինչև ակտիվ քաղաքականության մեջ մտնելը, մի փոքր լիկբեզ անցներ աներձագի՝ Լևոն Քոչարյանի մոտ: Հարազատը նրան կբացատրեր, որ չկա վերադարձ անցյալին կոչը վերաբերում է աներոջ օրոք ձևավորված ընտրությունները կեղծելու պրակտիկային: Չկա վերադարձ անցյալին նշանակում է՝ այլևս բանակը չի օգտագործվելու խաղաղ ցուցարարների դեմ: Չկա վերադարձ անցյալին նշանակում է՝ քաղաքական հակառակորդներին սպանելը հետապնդվելու է օրենքի ամբողջ խստությամբ: Չկա վերադարձ անցյալին նշանակում է՝ երկրի ղեկավարի երեխաներն անպայման չէ, որ արագ դառնան միլիարդատեր:
Երիտասարդը տեղյակ չէ, որ քաղծառայողներին չեն փոխել, պաշտոնից հեռացվել են հայեցողական պաշտոններին նշանակվածները: Փեսան տեղյակ չէ, որ մեկ տարվա մեջ հավաքվել է ավելի քան 360 միլիարդ ավել հարկ: Տեղյակ չէ, որ բյուջեի մուտքերն ավելացել են շուրջ 30 տոկոսով: Դժվար թե հասկանա, որ պարտք վերցնում են անգամ աշխարհի ամենաառաջատար տնտեսությունները:
Մի խոսքով, Քոչարյանի հերթական աջակիցն իր մտավոր ունակություններով առանձնապես չի տարբերվում դատարանի առջև ժամավճարով «Հերոս» բղավողներից: