«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ծայրահեղական է։ Դա է պատճառը, որ կորոնավիրուսի դեմ պայքարի առումով նրա գլխավորած կառավարությունը լեգիտիմ չէ։ Ինչ քայլ անում են, մարդիկ այլ ենթատեքստ են տեսնում դրա մեջ։ Եվ ճիշտ են անում (ստախոսի տանը հրդեհ է բռնկվում, տանտերն օգնության է կանչում, բայց ոչ մեկը չի գալիս, քանզի չեն հավատում, որ ճիշտ է ասում)։
Հայտնի խոսք կա, որ գետն անցնելիս ձիերին չեն փոխում։ Բայց «ձիերի» պահով կա նաև մեկ այլ ձևակերպում։ Ըստ այդմ՝ «քշած» ձիերին պարզապես «կրակում» են։
Հ․Գ․ Անհրաժեշտ նվազագույն քայլն Արսեն Թորոսյանին պաշտոնանկ անելն է։ Նա կա՛մ ստախոս է, կա՛մ ոչ կոմպետենտ։ Կամ էլ՝ երկուսը միասին։ Ամեն դեպքում էլ նա իրավունք չունի Առողջապահության նախարար աշխատել։ «Քշած» ձիերին «կրակում» են»»։
Գրառման հեղինակը Քոչարյանի մոլեռանդ պաշտպաններից Անդրանիկ Թևանյանն է:
«ՉԻ». Ամենայն հավանականությամբ, Արցախի ընտրություններում Քոչարյանի հովանավորյալ Վիտալի Բալասանյանի ջախջախումը ամբողջովին հունից հանել է թիվ մեկ ամբաստանյալի աջակիցներին: Ստեղծված իրավիճակում նրանք արդեն բացում են խաղաքարտերը և խոսում այն լեզվով, որին սովոր են և որին միշտ ապավինել է իրենց շեֆը: Իսկ շեֆը գիտի խոսելու միայն մեկ լեզու՝ զենքի լեզուն: Նա իր բոլոր խոչընդոտները մշտապես լուծել է զենքի միջոցով՝ վերացնելով քաղաքական հակառակորդներին: Հիմա էլ որոշել է կրակել գործող կառավարության ամենաարդյունավետ նախարարի ուղղությամբ:
Թևանյանը պետք է հիշի, թե ովքեր են եղել Քոչարյանի առողջապահության նախարարները: Մարդիկ, ովքեր օգտագործելով իրենց դիրքը՝ սեփականաշնորհել են հիվանդանոցները, իհարկե, հսկիչ փաթեթը նվիրաբերելով Քոչարյանի ընտանիքին: Եթե դա չանեին, ապա վաղուց կրակված կլինեին:
Իրեն «քաղաքագետ» հորջորջողը փաստորեն այնքան է տանը մնացել, որ նոր քաղաքական տերմին է հորինել՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ոչ լեգիտիմ կառավարություն: Պարետը շտապ պետք է վերանայի սահմանափակումների ցանկը և առանձին տողով արտոնություններ տա Քոչարյանի քաղաքագետներին, որպեսզի նրանք մեկ-մեկ դուրս գան մաքուր օդի, այլապես կշարունակեն նորանոր հիմարություններ երկնել: Օրինակ՝ կհայտարարեն, որ պանդեմիայի ժամանակ իշխանական լիազորությունը ավտոմատ անցնում է երկրորդ նախագահին: Կամ քանի որ Քոչարյանը վերջերս հաճախ է հիվանդանում և պառկում հիվանդանոց, ապա նրանից լավ ոչ ոք չի ղեկավարի առողջապահության համակարգը: Մարդը ներսից է տիրապետում ոլորտին:
Քոչարյանները և թևանյանները Արսեն Թորոսյանի վարկանիշի վերաբերյալ պատկերացում չունեն: Խորհուրդ կտանք առանձնապես լուրջ չվերաբերվեն Գայանե Քոչարյանի քավորի բամբասանքներին, թե Թորոսյանը կոմպետենտ չէ: