...

Քոչարյանին բաց թողնելը 2 տարվա թավիշի արդյունքն է լինելու

Քոչարյանին բաց թողնելը 2 տարվա թավիշի արդյունքն է լինելու

1in.am-ը գրել է. «Ազգային ժողովում ՍԴ-ի վերաբերյալ նախագծի քննարկմանը զուգահեռ հենց այս պահին Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստ է հրավիրել Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կասեցված գործի քննությունը վերսկսելու նիստի օր նշանակելու համար։ Որոշում է կայացվել դիմումի քննության օր նշանակել հուլիսի 7-ը։ Նշենք, որ այդ հարցը ՍԴ աշխատակարգային նիստի օրակարգում չի եղել և վերջին պահին է ավելացվել։

Քոչարյանի փաստաբանական թիմը Սահմանադրական դատարանում վիճարկում է 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը, որը վերաբերում է Քոչարյանի անձեռնմխելիությանը»։ 

Միամտություն կլիներ մտածելը, որ նախկին իշխանությունները կբավարարվեն Քոչարյանին գրավով ազատ արձակելու օպերացիայով: Ի վերջո, դրանով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարել և հետագայում էլ բացառված չէր, որ Վճռաբեկ դատարանը բեկանի Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Քոչարյանին ազատ արձակելու հարցով, կամ պարզապես՝ դատավարությունը սկսվի՝ անկանխատեսելի հետևանքներով:

Այնպես որ, Սահմանադրական դատարանը եղել է ու կա Մարտի 1-ի գործով գլխավոր պատասխանատուին քրեական հետապնդումից ազատելու գլխավոր գործիքը: Այն, որ դատավարությունն այսքան ձգձգվեց, այսքան միջնորդություններ ներկայացվեցին, հետո ՍԴ-ին ներքաշեցին դատավարական գործընթացի մեջ, հետո նամակներ, դիմումներ ուղարկվեցին Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ, սա ոչ միայն ժամանակ շահելու համար էր, այլ նաև Քոչարյանին քրեական հետապնդումից ազատ արձակելու համար թվացյալ հիմքեր ստեղծելու համար: 

Ու կապ չունի, ՄԻԵԴ-ն ու Վենետիկի հանձնաժողովը ինչ էին պատասխանել: Իհարկե, մենք գիտենք, որ ՄԻԵԴ-ի պատասխանում նշված էր, որ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը լիովին օրինական է, որ ՍԴ-ն այնքան էլ լավ չի տիրապետում իր գործառույթներին, բայց դա նշանակություն չունի: Կա քաղաքական պատվեր, և ՍԴ-ն առաջնորդվելու է դրանով: Ի վերջո, սրանց հոգեհարազատ Ստալինն է ասել. «Կարևորը մարդն է, հոդվածը միշտ էլ կգտնվի»: 

Ի՞նչ կարող են անել իշխանությունները՝ նման սցենարը բացառելու համար: Տարբերակները քիչ են: Այո, «Իմ Քայլը» խմբակցությունը հապճեպ փորձում է կյանքի կոչել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է դադարեցնել ՍԴ որոշ անդամների լիազորությունները, ինչպես նաև դադարեցնել Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ որպես ՍԴ նախագահ, բայց սա, այսպես ասենք՝ լոկալ որոշում է: Այն միայն մասնակի կարող է հարցը լուծել, քանի որ ՍԴ-ում շարունակելու են պաշտոնավարել նախկին իշխանությունների մի քանի դրածոներ և կամակատարներ՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ: Առավել ևս, պարզ չէ, թե ինչ ճակատագիր կունենա «Իմ Քայլը» խմբակցության այս նախագիծը: Եթե այն վերջնականապես, բոլոր ընթերցումներով ընդունվի, նախագահը՝ վավերացնի, ապա դեռ կա ՍԴ-ն, որը կարող է այդ օրենքը հակասահմանադրական ճանաչել և հարցը փակել: Ոնց որ դա արեց «Բանկային գաղտնիքի» մասին օրենքի դեպքում: 

Մենք ինչ խորհուրդ հնարավոր է, վաղուց տվել ենք իշխանություններին: Ականջալուր չեն եղել, ժամանակը վատնել են, և այն, ինչը հնարավոր էր երեկ, այսօր հնարավոր չէ: Ավելորդ ինքնավստահությունը, մեծամտությունը, բացառապես իրենց ուժերին վստահ լինելու համոզմունքը չար կատակ են խաղում իրենց իսկ գլխին, և իրադարձությունների ներկայիս ընթացքը բնավ նրանց օգտին չի խոսում: Հարված հարվածի հետևից են ստանալու:  

«ՉԻ»-ն շաբաթներ առաջ զգուշացրել էր, որ ՍԴ-ն պատրաստվում է Քոչարյանի հարցը վերջնականապես լուծել և հակասահմանադրական ճանաչել 300.1 հոդվածը: Ասել ենք: Ի՞նչ են իշխանություններն արել՝ սա կանխելու համար: Եթե նույնիսկ ընդունենք, որ մեր հրապարակած լուրը «օդից» ենք վերցրել: Թեպետ, իհարկե, գրել էինք, որ ՍԴ-ում չեն էլ թաքցրել իրենց նպատակները:

Մեր երկիրը թևակոխում է շատ վտանգավոր և անկախատեսելի փուլ, որի համար պատասխանատու են ոչ միայն ընդդիմադիր, դրսի շահերը սպասարկող ուժերը, այլ նաև՝ իշխանությունները: Այնպես որ, քիչ ժամանակ կա, որպեսզի իրավիճակը շտկվի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1198 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ