«Գրավի գումարը պետք է պարտքով վերցնեմ»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը դատարանում:
ՉԻ. Ժամանակ առաջ նույն Քոչարյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, ասել էր, որ իրենք ամենահարուստ ընտանիքը չեն, իրենց պես հարուստ Հայաստանում կա ևս 200 ընտանիք: Նա նաև մշտապես հայտարարել է, որ ինքը չի զբաղվել բիզնեսով, իսկ այ տղաները հաջողակ գործարարներ են: Գոնե պաշտոնապես հայտարարել են, որ իրենց են պատկանում «Տոյոտա Երևանը», «Կոնգրես» հյուրանոցը, «Ստեֆանո Ռիչի» թանկարժեք հագուստի խանութը և «Նաիրի ինշուրանսը»: Կրկնում ենք՝ սա խոստովանել են պաշտոնապես: Մնացածի մասով հերքում են, ասում են գնացեք ապացուցեք:
Հիմա, ի՞նչ է ստացվում: Հայրը կալանքի տակ է: Կարող է գրավի գումար պետք գալ: Բայց փաստորեն տղաները փող չեն տա հորը կամ կտան պարտքով: Սա շատ խոսուն խոստովանություն է: Փաստացի Քոչարյանը ոչ միայն ձախողել էր պետության կառավարումը, այլև որդիների դաստիարակությունը: Ինչպե՞ս կարող է հայկական ընտանիքում նեղության մեջ գտնվող հորը որդիները գումար չտան կամ տան պարտքով:
Չգիտենք Ստամբուլյան կոնվենցիան կվավերացվի, թե՝ ոչ, բայց այն արդեն հաջողությամբ ներդրված է Հայաստանում ապրող առնվազն մեկ ընտանիքում: