Ռ. Քոչարյանը մեկնել է Մոսկվա: Միաժամանակ Արցախից հայտնում են, որ այնտեղ իշխանություն է փոխվում, այսինքն՝ կառավարման լծակներն անցնում են քոչարյանամերձ ուժերին (Վ. Բալասանյան, դաշնակցականներ):
Ինքը՝ Ռ. Քոչարյանը, վերջին հարցազրույցում պնդել էր, որ եթե ինքը ղեկավարեր Հայաստանը, Ադրբեջանը պատերազմ չէր սկսի: Պնդել էր, սակայն չէր բացատրել, թե ինչու: Ռ. Քոչարյանի հաղթաթղթերից մեկն էլ վերջին տարիներին եղել է այն, որ Վ. Պուտինի ընկերն է... Թե ինչ նպատակով է նա այժմ մեկնել Մոսկվա, ստույգ չգիտենք:
Ի վերջո, դա առանձնապես հետաքրքիր էլ չէ: Այժմ ուզում ենք ձեզ, սիրելի՛ ընթերցողներ, հիշեցնել նրա անցյալը՝ հնարավորինս խուսափելով կոշտ և մեզ համար անպատվաբեր որակումներից:
Ուրեմն տեսնենք, թե ինչպես, ինչ առաքելությամբ Արցախի նախագահը հայտնվեց Հայաստանի իշխանության ղեկին:
1. Հեղաշրջման սկիզբը, վարչապետություն
1997-ին Ռ. Քոչարյանը դարձավ ՀՀ վարչապետ: Նրան կից գաղափարախոսները պնդում են, որ նպատակը արցախցիների շահերն ավելի բարձր մակարդակում ներկայացնելն էր: Միջազգային ասպարեզում արցախյան խնդիրը լուծելու հնարավորություն էր հասունանում, ինչի մասին ամենայն հավանականությամբ շատ լավ գիտեին ՀՀ առաջին նախագահին հրաժարական պարտադրած հայտնի ուժերը: Արցախի նախագահ եղած ժամանակաշրջանում Ռ. Քոչարյանը Հայաստանում դրական իմիջ ուներ, ինչն էլ նրա վարչապետությունն ընդունելի դարձրեց: Բացի սրանից՝ նրան էին սատարում ուժայինները՝ Վ. Սարգսյանը և Ս. Սարգսյանը: Նրան էր ենթարկվում արցախյան իշխանությունը: Ռ. Քոչարյանը, ունենալով ներքին և արտաքին որոշակի աջակցություն, շատ արագ գործի անցավ՝ առանցքային պաշտոնները վստահելով յուրայիններին: Հետպատերազմյան հաղթողական քարոզչությունն ուղեկցում էր հայտնի ուժերի բոլոր գործողությունները. իշխող «գաղափարախոսությունը» ոչմիթիզականությունն էր: Քչերն էին համարձակվում սրան ընդդիմանալ, որովհետև անգամ կենցաղային վեճերի ժամանակ արժանանում էին «դավաճան, թուրք, ջհուդամասոն» պիտակներին:
2. 1998 թ., հեղաշրջում. Ռ. Քոչարյանը դառնում է ՀՀ նախագահ
1998-2008թթ. Ռ. Քոչարյանը Հայաստանի նախագահն էր: Նա ակտիվորեն բանակցում էր. լուծում էր իր և յուրայինների հավերժ իշխելու խնդիրը: Արցախը երկրորդական էր, հիմնականը ստատուս-քվոն պահելն էր: Երկրում ծայր առավ քաղաքական սպանությունների շղթան, որի գագաթնակետը 1999 թ. հոկտեմբերի 27-ն էր: Քոչարյանի իշխանությունն ամբողջացավ: Հասարակությանը վարպետորեն ներկայացվում էր տնտեսական առաջընթացի փուչիկը, որի «հուշարձանը» Երևանի այլանդակված կենտրոնն է: Այո՛, սա փուչիկ էր, որի դատարկությունը շատերը չէին տեսնում, քանի որ սոցիալական վիճակը 95-96 թվականներից սկսել էր մի քիչ բարելավվել, քանի որ մարդիկ տեսել էին պատերազմի ծանր տարիները: Իսկ Արցախն այդ ժամանակ սահուն հայաթափվում էր. արցախցիների մի մասը տեղափոխվում էր Հայաստան, մյուսները բռնել էին արտերկրի ճամփան: Արցախի բնակչությունը պակասում էր: Բանակն առանձնապես չէր զարգանում, որովհետև իշխանությունը զբաղված էր սեփական գրպանը հարստացնելով: Կոռուպցիան ծաղկում էր: Մարդկանց ուղեղները լվանում էին ոչմիթիզականությամբ:
3. 2008թ., իշխանության արյունոտ փոխանցում
2008-ին Ռ. Քոչարյանն այլև իրավունք չուներ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու: Նա պետք է իշխանությունը փոխանցեր յուրային Ս. Սարգսյանին, ինչի համար ոչինչ չխնայեց: 2008 թ. մարտի մեկին Երևանում խաղաղ ցուցարարների արյուն թափվեց, և Ռ. Քոչարյանի մտերիմը՝ Ս. Սարգսյանը, դարձավ նախագահ: Արցախի հարցում վիճակը նույնն էր, եթե չասենք՝ ավելի վատ: Զարգացման հեռանկար չունեին ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը: Բանակը ողբալի վիճակում էր. սա գիտեին շատերը, գիտեին ու լռում էին, որովհետև տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ունենալու առասպելն ավելի թանկ ու հաճելի էր, քան իրականության աչքերին ուղիղ նայելը: Իսկ աղետը շատ մոտ էր:
Ու հիմա՝ աղետից հետո, աղետի ժամին, Ռ Քոչարյանը նորից ձգտում է իշխանության՝ փորձելով ազգի հերթական փրկիչը դառնալ: Մի քանի հարց տանք նրան.
1. 2008-ից ՀՀ-ում պաշտոն չունեիք, բայց Հայաստանն ու Արցախը Ձեր հայրենիքն էին. ի՞նչ եք արել՝ հանուն հայրենիքի.
2. 2016թ. Ապրիլյանի և 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի ժամանակ ինչո՞վ եք օգնել հայրենիքին.
3. Բարձր պաշտոնն զբաղեցնելիս և դրանից հետո որքա՞ն գումար եք Ձեր գրպանից հատկացրել երկրի պաշտպանության համար.
4. 1998թ. հունվարին՝ Անվտանգության խորհրդի հայտնի նիստի ժամանակ պնդում էիք. «Իսրայելի օրինակը ցույց է տալիս, որ կարելի է զարգանալ նաև մեկուսացման պայմաններում», զարգացա՞նք...
5. Ո՞րն է Ձեր և Նիկոլ Փաշինյանի տարբերությունը. չէ՞ որ նա ամեն ինչում նմանակում է Ձեզ. Ձեզ նման աննախադեպ տղա է:
Զարուհի Գաբրիելյան
Հ. Գ. 5-րդ հարցի մեր պատասխանն է. ուղղակի Ռոբերտ Քոչարյանն ավելի ընդունելի է Վ. Վ. Պուտինի համար: