...

Ռալֆ Յիրիկյան. Ամրակցված շուկայում հավասարակշռությունը կարող է խախտվել. itel

Ռալֆ Յիրիկյան. Ամրակցված շուկայում հավասարակշռությունը կարող է խախտվել. itel

Հունվարի 16-ին Ucom-ը հաստատեց, որ քննարկումներ է վարում VEON-ի հետ վերջինիս հայաստանյան բիզնեսը (Beeline Armenia) ձեռք բերելու վերաբերյալ: Itel.am հնարավոր գործարքի մասին զրուցել է Հայաստանի բջջային կապի առաջատար Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ:

- Ինչպիսի՞ն կարող է լինել հնարավոր գործարքի ազդեցությունը Հայաստանի հեռահաղորդակցային շուկայի վրա:

- Կոնսոլիդացման գործարքներ տեղի են ունենում հեռահաղորդակցային տարբեր շուկաներում: Լինում են հաջող օրինակներ, որոնք նպաստում են տվյալ ոլորտի զարգացմանը, լինում են նաև ձախողումներ, որոնք առաջընթացի փոխարեն հետընթաց են առաջացնում ոլորտում:

Ucom-ի և Beeline Armenia-ի բիզնես-մոդելները տարբերվում են Վիվա-ՄՏՍ-ի մոդելից, քանի որ այդ երկու ընկերությունները գործում են շուկայի այնպիսի հատվածներում, որոնցում մենք չենք գործում:

Մասնավորապես, շարժական կապից բացի, իրենք ունեն ամրակցված (ֆիքսված) ցանցեր և հանդիսանում են ինտերնետի խոշոր ներկրողներ ու տարանցողներ: Եթե գործարքը տեղի ունենա, ապա ամրակցված ցանցի ոլորտում նոր ընկերությանը կպատկանի շուկայի շուրջ 90 տոկոսը: Ամրակցված ցանցերի միջոցով մատուցվող ինտերնետային ծառայությունների պարագայում շուկայի մասնաբաժինը կկազմի շուրջ 80 տոկոս, իսկ IP-հեռուստատեսության պարագայում` շուրջ 70 տոկոս: Սրանք բավականին լուրջ թվեր են: Արդյոք սա խթանելո՞ւ է մրցակցությանը շուկայում, թե՞ հակառակը. գնահատականը պետք է տան համապատասխան պետական և կարգավորող կառույցները և որոշումներ կայացնեն:

Ինչպես ասացի, Վիվա-ՄՏՍ-ը, ըստ էության, ամրակցված ցանց չունի: Մենք նման ծառայություններ մատուցում ենք սահմանափակ թվով իրավաբանական անձանց՝ դա ավելի շուտ դիտարկելով որպես թեստավորում: Ֆիզիկական անձանց մենք նման ծառայություններ չենք մատուցում: Հետևաբար, գործարքի իրականացման դեպքում նոր ընկերությունը մատուցելու է կոնվերգենտ (համակցված) ծառայություններ, ինչի հնարավորությունը մենք չունենք: Փաստացի նրանք կդառնան թելադրող կոնվերգենտ ծառայությունների շուկայում:

Եթե մենք ձեռք բերենք ամրակցված կապի ծառայություններ մատուցող ինչ-որ ընկերություն, կկարողանանք որոշակի մրցակցություն ապահովել կոնվերգենտ դաշտում, սակայն, միևնույն է, հավասարակշռությունը խախտված կմնա:

Շարժական կապի ոլորտում մեզ համար գրեթե բան չի փոխվելու: Այսօր մեզ է պատկանում Հայաստանի շարժական կապի բաժանորդների շուրջ 60 տոկոսը: Շարժական կապի եկամուտների ցուցանիշով ևս մեզ է պատկանում շուկայի 60 տոկոսը: Ընդ որում, եթե առանձնացնենք շարժական կապի ինտերնետ-ծառայությունների հատվածը, ապա այստեղ եկամուտների  ցուցանիշով շուկայի 65 տոկոսն է մեզ պատկանում: Բացարձակ առաջատար ենք նաև շարժական ինտերնետի բաժանորդների քանակով: Ուստի շարժական կապի ոլորտում առաջատարի մեր դիրքերը հնարավոր գործարքի հետևանքով չեն սասանվելու:

Ինչ վերաբերում է ինտերնետի ներկրմանն ու տարանցմանը, ապա երկու ընկերություններն էլ խոշոր դերակատար են և միավորման դեպքում էլ ավելի խոշոր կդառնան: Կարծում եմ, որ կարգավորող մարմինները պետք է սա գիտակցեն և հաշվի առնեն:

Մանրամասները կարդացեք itel-ում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2316 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ