Ռոբերտ Քոչարյանը Երևանում ասուլիս է տվել ռուսական լրատվամիջոցներին:
«ՉԻ». Մնացածը էական չէ: Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարը երկրի մայրաքաղաքում ասուլիս է հրավիրում միայն ռուսական լրատվամիջոցների համար և միայն ռուսերեն լեզվով:
Դուք սրա մեջ որևէ ազգային բան տեսա՞ք: Որ իմանաս` ամեն օր ասուլիս է տալիս, մի օր՝ ամերիկացիներին, մի օր՝ ճապոնացիներին, կասես՝ հա, նորմալ է: Բայց ամիսներով ասուլիս չի տվել, ու հիմա` հատուկ ռուսների համար:
Երբ հայտարարվեց, որ նման ասուլիս է լինելու, արդեն պարզ էր, որ դրա ամբողջ իմաստը հենց այն է լինելու, որ ասի՝ Ռուսաստան ջան, ես քոնն եմ, ես մի զարկն եմ քո կռվի, դու իմ մեջ ես, քո համար ինչ ասես, կանեմ: Կթողնե՞ս, ձյաձյա ջան, մի հատ ռազմական հեղաշրջում անեմ:
Ու սրանք ամբողջ օրը ազգային արժեքներից են խոսում, աջուձախ օտարերկրյա գործակալներից են խոսում: Բա սա ի՞նչ է: Դրսից մարդ բերելու սովորական ժեստ:
Ամենահետաքրքիրն այն է, որ Քոչարյանը մի տոննա լրատվամիջոց է պահում, գոնե նրանցից էլ մարդ կանչեր: Էդքան իր համար ճկռում են:
«Չորրորդ իշխանություն», թիվ 9, 2021