...

Սա ավելին էր, քան հանցագործությունը

Սա ավելին էր, քան հանցագործությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրավապահ համակարգի աշխատակիցներին տրված ժամանակը սպառվել է, և եթե ոմանք չվերանայեն իրենց աշխատաոճը, ստիպված կլինեն այլ աշխատանք փնտրել. 

«Հիշում եք, մենք մտադիր էինք օրենսդրական փոփոխություններ անել, որ ուղիղ նշանակումներ անեինք, բայց հետո մտածեցինք, որ դա համակարգի զինվորական տրամաբանությունը կարող է ջարդել: Եվ այդտեղ մեր քաղաքական շահերից նահանջեցինք՝ հանուն համակարգի: Եվ մեր հույսն այն է, որ և՛ ոստիկանությունը, և՛ ԱԱԾ-ն, մեր պետական համակարգերը կգնահատեն մեր վերաբերմունքը, ոչ թե ոմանք կառիթավորվեն այդ վերաբերմունքից:

Եվ հիմա եկել է գնահատելու ու վերագնահատելու արված աշխատանքի արդյունավետությունը: Եվ, այո, կարելի է ազդարարել մի փուլի մեկնարկ, որտեղ կլինեն նաև դրսից նշանակումներ»:

«ՉԻ». Մեծ հաշվով, նորմալ է, որ երկրի ղեկավարը չի ընդունում իր սխալը: Դա շատ քաղաքական գործիչներին է բնորոշ: Այլ ասում է, որ ժամանակ էր տրվել իրավապահ մարմիններին: 

Այդ ժամանակը կարող է լինել մի ամիս, քարը պայթի, տրաքի՝ 2 ամիս, բայց ոչ՝ 2 տարի: Երկու տարի բոլոր գիտակից մարդիկ, ուժերը, փորձագետներն ու վերլուծաբանները մեռան ասելով, որ հեղափոխությունից հետո առաջնահերթ խնդիրներից մեկը դատաիրավական համակարգի կտրուկ բարեփոխումն է, որ այդ համակարգը տարիների ընթացքում վերածել էին ընդամենը իշխանության սպասարկուի, որ այդ համակարգը պետք է մաքրել տարիներ շարունակ իշխանությունների ապօրին հրահանգներն ու պատվերները կատարողներից, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է քաղաքական մարմիններ դառնան, դրանք ղեկավարեն քաղաքական գործիչները: 

Այս երկու տարում հնարավոր ինչ ասես, որ չեղավ, որոնք ապացուցում էին իրավապահ համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը: Դրա ամենավառ օրինակը դեռ թարմ է. Գուրգեն Խաչատրյանի փախուստը: Ակնհայտ էր, որ նախօրոք իրեն զգուշացրել էին, որ անհետանա: Ընդհանրապես, վերջին շրջանում այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է վերահսկողությունը ուժային մարմինների նկատմամբ: Ինչ ուզում, անում են: Ոնց պետք է, ինչ պետք է: Բնականաբար, սա էլ իր հերթին որոշակի ոգևորվածություն է առաջացրել ռևանշիստների, նախկին իշխանությունների շրջանակներում, որ իշխանությունը թույլ է: Եթե այսպես շարունակվի, բա թույլ է, բա ի՞նչ է: 

2 տարի տեղում դոփել, իրական փոփոխություններ չիրականացնել դատաիրավական համակարգում, իրավապահ մարմինները չզտել իրենց բուն գործառույթներից հեռու անձանցից. ինչպես դասականը կասեր՝ սա ավելին է, քան հանցագործությունը, սա սխալ է:

Այս իշխանությունների ամենամեծ թշնամին ոչ թե նախկիններն են, վանեցյան-մանեցյան կարգի դեմքերը, այլ՝ ժամանակը: Որքան այդ ժամանակը անտեղի վատնվի, որքան քիչ գնահատվի նրա յուրաքանչյուր րոպեն, այնքան իշխանությունները ավելի շատ խնդիրներ են ունենալու և ավելի թուլանալու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2322 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ