Այս տարվա մարտի 28-ին Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզ էր այցելել, որտեղ բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր հետևյալը.
«Այսքան արհավիրքների միջով անցել ենք, վերջին 5 ամսում Հայաստանում տեսեք՝ ինչեր են տեղի ունեցել, բայց Հայաստանի ներսում մի կրակոց չի հնչել: Այս առումով էլ մենք ցույց տվեցինք, որ Հայաստանի Հանրապետությունն աննախադեպ երկիր է, որովհետև դուք չեք գտնի որևէ ուրիշ երկիր, որ այսպիսի պատերազմից, այսպիսի աղետից հետո հնարավոր լիներ ունենալ այսպիսի իրավիճակ, երբ մի կրակոց չի հնչել, երբ մի զոհ չի եղել»:
Տեսնես՝ կգտնվի՞ մեկը, որը հարցնի. սա՞ էր աննախադեպը: Մենք չենք բացառում, որ Նիկոլ Փաշինյանը վստահ է եղել, որ արցախյան պատերազմում ծանր պարտությունից հետո այլևս ոչ մի պատերազմ չի լինի, ոչ մի կռիվ, Ադրբեջանն ինչ որ ուզել է, տվել ենք, ու սրանից հետո կթևակոխենք կայունության ու խաղաղության փուլ:
Բայց պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունն աննախադեպ երկիր է, որովհետև դժվար է գտնել որևէ ուրիշ երկիր, որն այսպիսի պատերազմից հետո նոր պատերազմ ստանա, տարածքային այսպիսի կորուստներից հետո նոր կորուստներ ունենա, այսքան զոհերից հետո նոր զոհեր ունենա, ու սրա տուտը չերևա:
Մենք գիտենք, որ հիմա այս տողերի համար սոցցանցում շատերը գրելու են, թե մենք շուռ տված ենք, մենք էլ գնացինք, հավասարվեցինք քոչարյանական լրատվամիջոցներին, ճղճիմ բաներ ենք գրում: Վստահ ենք, որ այսպիսի մեկնաբանություններ լինելու են:
Մեզ համար խնդիր չի. կարող ենք նաև մարդկանց սրտերը հովացնելու համար այնպիսի բաներ գրել, որ լայքերի ու սրտիկների հեղեղ ստանանք: Թքենք Ռուսաստանի վրա, որ եսիմինչեր է անում, խաղեր է տալիս, սարքում է Նիկոլի գլխին, ասենք՝ մեղավորը ջհուդամասոններն են, որ թուրք-ադրբեջանական ենիչերները համատեղ ջարդուխուրդ եղան Վերին Շորժայում, կամ՝ սաղ մեղավորը Քոչարյանն ու Վլադիմիր Սոլովյովն են: Խնդիր չի, կարող ենք գրել, էդ բոլոր ձևերին ծանոթ ենք, գիտենք:
Բայց որ գրենք, դրանից սահմաններում լարվածությունը կթուլանա՞, խաղաղություն կհաստատվի՞, մեր իշխանությունները պատասխանատու ու գիտակից կդառնա՞ն, ռուսները կռմբակոծեն Բաքո՞ւն, պետականության գլխին կանգնած վտանգները կվերանա՞ն: Դժվար: Ինչ-որ հավատներս չի գալիս: Նշանակում է, խնդիրը մեր մեջ չէ, այլ նրանց, ովքեր երկիրը այս վիճակին են հասցրել: Մտածեք: