...

Սա քո պատերազմն էր, Նիկո՛լ

Սա քո պատերազմն էր, Նիկո՛լ

Նիկոլ Փաշինյանի՝ 1in.am-ին տված ծավալուն հարցազրույցում, իհարկե, մեկնաբանությունների արժանի բազմաթիվ մտքեր արտահայտվեցին: Դրանց մի մասը՝ հատկապես, պատերազմի, պարտության, դրա պատճառների մասին, ըստ էության, նորից կրկնվեցին: Բայց ահա մի միտք առաջին անգամ էր հնչում: 

Խոսքը դեռևս 2020թ. դեկտեմբերին Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներից մեկում հնչած այն հայտարարության մասին է, երբ նա ասաց. «Եթե ես լինեի, պատերազմը չէր սկսվի»:

Լրագրողը Փաշինյանին հիշեցրեց Քոչարյանի այս խոսքը (ընդ որում՝ մի փոքր այլ ձևակերպմամբ), որին վարչապետը պատասխանեց. «Ցանկացած ոք, ով 2020թ. սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին չի եղել Հայաստանի ղեկավար, կարող է այդ նույն բանն ասել: Եվ ոչ մեկ հակառակը չի կարող ապացուցել»:

Այստեղ Նիկոլ Փաշինյանը հերթական մանիպուլյացիային է դիմել: Քոչարյանն ասել էր, որ իր դեպքում պատերազմ չէր լինի, իսկ Փաշինյանը խոսում է արդեն պատերազմական ժամանակաշրջանի մասին: Մեկը մյուսի հետ կապ չունեցող բաներ են: 

Քոչարյանի ասածն այն էր՝ եթե ինքը լիներ Փաշինյանի տեղը, ապա պատերազմ չէր լինի, հետևաբար չէին լինի նաև 2020 թվականի սեպտեմբերը, հոկտեմբերը, նոյեմբերը: Ու անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում Ռ. Քոչարյանին, այս հարցում ինքը ճիշտ է ասում: Այո, եթե ինքը լիներ, այդ պահին բանակցային սեղանին դրված լուծումը դեմ տային, սուսուփուս ստորագրելու էր: 

Հիմա դա ոնց կներկայացներ, չգիտենք: Հաշվի առնելով իր բնավորությունը՝ իր ստորագրած պայմանագիրը երևի կներկայացներ որպես հաղթողական լուծում, հայ ժողովրդի պատմական հաղթանակ, արցախյան պատերազմի ամենամեծ ձեռքբերում, բոլոր հնարավոր տարբերակներից լավագույնը, իրեն սպասարկող մեդիադաշտը՝ բլոգերներով, փորձագետներով, գեներալներով, քարոզչական մի հատ բում կսարքեին և նրան հերոս կհամարեին, ով էլ նրա ստորագրած պայմանագրին դեմ դուրս գար, բողոքի ակցիա, ցույց-մույց, բիրտ ուժով կճնշեր, քաղմասերը կլցներ... բայց խելոք կստորագրեր, 5 շրջանները կվերադարձներ, հետո՝ մյուս 2 շրջանները: Հա, կարող է, մի հատ լոկալ, կարճատև պատերազմ սարքեր, ինչպիսին 2016-ի ապրիլյանն էր, մի քանի զոհով, մի երկու դիրքի կորստով, որ դրանից հետո խոսեր հաշտության պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին, բայց լայնամասշտաբ պատերազմ արդեն չէր լինի: Նույնն էլ Սերժ Սարգսյանն էր անելու:

Իսկ ահա Նիկոլ Փաշինյանը պատերազմը կանխելու ուղղությամբ ոչ մի քայլ չի արել: Ինչ լուծում առաջարկել են, մերժել է, ու դեռ մի բան էլ իր անխոհեմ քայլերով պատերազմը դարձրել է անխուսափելի: Ընդ որում, առաջարկվող լուծումները մերժել է ոչ միայն պատերազմից առաջ, այլ նաև պատերազմի ընթացքում: Քանի անգամ հոկտեմբերին նրան առաջարկել են ընդունել ռուսների առաջարկները, հաշտության պայմանագիր կնքել՝ շատ ավելի նպաստավոր պայմաններով, պատերազմը դադարեցնել, մերժել է: Մերժել է՝ իմանալով, թե ինչ իրավիճակ է ռազմաճակատում: Որովհետև որոշել էր, որ հողը միայն արյունով պետք է հանձնել, պետք էր ցույց տալ, որ մենք հերոսաբար ենք պարտվել: Բան էր, իր քարոզիչներով հայտարարում էր, թե հայոց նոր առասպելն է կերտվում ռազմի դաշտում, սա նոր փառավոր էջ է հայ ժողովրդի պատմության մեջ, երբ ռազմի դաշտում հազարներով մեր տղաները փրթվում էին:

Իսկ հիմա ասում է՝ ցանկացած ոք, ով 2020թ. սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին չի եղել Հայաստանի ղեկավար, կարող է այդ նույն բանն ասել: Չէ, 2020թ. սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին ոչ ոք չէր կարող քո տեղը լինել: Դա քո պատերազմն էր և դրա արդյունքները, հետևանքներն էլ են քոնը: 

Եվ ուշադրություն դարձրեք. ոչ մի անգամ Նիկոլ Փաշինյանը չի խոսել Հադրութի շրջանի մասին: Մեզ առաջարկվող բոլոր փաթեթներում՝ սկսած 1997 թվականից, Հադրութի շրջանի մասին խոսք անգամ չի եղել: Բա դա՞ ինչի ես հանձնել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   33735 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ