...

Սահմանապահ Բերդավանում ավելացել է գիշերային անվտանգ անցուդարձի հնարավորությունը

Սահմանապահ Բերդավանում ավելացել է գիշերային անվտանգ անցուդարձի հնարավորությունը

3 ծրագիր՝ երեք տարվա ընթացքում, տեղակայված 269 LED լուսարձակ և 8,5 կմ երկարությամբ լուսավորված տարածք: Սահմանապահ Բերդավանում, միայն փողոցների լուսավորության ծրագրով, 2016-2018 թվականներին՝ այսպիսին էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գործընկերության ամփոփ պատկերը: Համագործակցությունը շարունակվել է նաև ընթացիկ տարում. իրականացվել է  փողոցային լուսավորության 4-րդ ծրագիրը: 2019 թվականին, գործընկեր կառույցների և Նոյեմբերյանի համայնքապետարանի համատեղ ջանքերով, էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է 56-ով՝ լուսավորելով 2կմ ընդհանուր երկարությամբ ևս հինգ փողոց: Իրականացված ծրագրերի շնորհիվ, Բերդավանում ընդհանուր առմամբ արդեն լուսավորվել է 10,5 կմ ճանապարհահատված: Տարիների ջանքերի շնորհիվ, լուսավորվել են համայնքի հիմնական փողոցները, գյուղի սահմանային եզրը, դեպի մանկապարտեզ, դպրոց և համայնքային նշանակության այլ կառույցներ տանող փողոցները:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը և համայնքի բնակիչները:

«Խնդիրները նման են ճահճի. որքան անտեսվում են, այնքան ավելի մեծ ջանքեր են պահանջվում հետո՝ դրանցից ազատվելու համար։ Եթե մենք երազում ենք լավ միջավայրի ու բարեկեցիկ երկրի մասին, պետք է ձգտենք ավելի խորքային մտածողություն ունենալ և մեծ ուշադրություն դարձնել գյուղերին։ Քաղաքն իր բնույթով ավելի լսելի է։ Մինչդեռ գյուղը՝ հատկապես սահման պահողը, և՛ ֆինանսական, և՛ հոգեբանական մեծ աջակցության կարիք է զգում։ Մենք Բերդավանում շատ ենք եղել։ Ձգտել ենք մեծ խնդիրներ լուծել շարունակական ծրագրերով։ Այսօր այստեղ ենք՝ հերթական ծրագրի արդյունքը տեսնելու համար։ Ուրախ եմ, որ գյուղում անվտանգ անցուդարձը հնարավոր է դարձել ևս մի քանի փողոցի բնակիչների համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Բերդավանը Հայաստանի սահմանապահ այն հազվագյուտ գյուղերից է, որտեղ փողոցները լուսավորվում են ամբողջ գիշեր: LED լուսարձակների բնապահպանական բաղադրիչն էլ ապահովում է կայուն և մաքուր շրջակա միջավայր։ Գյուղում արդեն իսկ գնահատել են համակարգի արդյունավետությունն ու կարևորությունը:  Թեթևացել է  համայնքի ֆինանսական բեռը. LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, ծառայում են անհամեմատ ավելի երկար և սպառում 80%-ով պակաս էլեկտրաէներգիա: Լուսավորության խնդրի կարգավորման շնորհիվ, լուծվել է նաև  օրվա ուշ ժամերին անվտանգ քայլելու և երթևեկելու խնդիրները, ինչն առավել կարևոր է սահմանապահ գյուղերում:

Սահմանապահ գյուղերում ենթակառուցվածքների զարգացումը թիրախավորած գործընկերները, «Էկոգյուղերի ցանց» նախագծի շրջանակում, Տավուշի մարզի Բերդավան գյուղում արդյունավետ գործընկերություն են ծավալվում 2015թ.-ից սկսած: Արտաքին լուսավորության համակարգ կառուցելուց բացի, այստեղ իրականացվել են նաև այլ ծրագրեր. գյուղի մանկապարտեզն ու երաժշտական դպրոցն ապահովել են ջեռուցման՝ արևային համակարգերով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2864 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ