Որքանո՞վ է հավանական հայ-ադրբեջանական նոր պատերազմը։ Այս թեմայով քննարկումների ու կանխատեսումների պակաս, իհարկե, չկա, բայց դրանք, ցավոք, հիմնականում արվում են սուրճի բաժակ նայելու մակարդակով։ Ընդ որում՝ այս հարցում իշխանությունների վրա հույս դնել հաստատ չարժե։ Մինչև հիմա առնվազն առանցքային հարցերում նրանց բոլոր կանխատեսումները սխալ են եղել («մեծ պատերազմի հավանականությունը ցածր է», «Թուրքիան չի միջամտի», «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», «կորոնավիրուսը լուրջ չէ», «հեղափոխությունից հետո ներդրումները հորդելու են Հայաստան» և այլն)։
Հասկանալու համար, թե որքանով է մեծ նոր պատերազմի հավանականությունը՝ նախ պետք է հասկանալ, թե հատկապես որ գործոնները հնարավոր դարձրեցին 44-օրյա պատերազմը։ Հիմնական գործոնները չորսն են։ 1․ Տարիներ շարունակ ադրբեջանական բանակը սպառազինվում էր շատ ավելի ինտենսիվորեն, քան հայկականը, և ինչ-որ պահից սկսած նրանց առավելությունը բացահայտ դարձավ։ 2․ Ադրբեջանը հետևողական ջանքերի արդյունքում միջազգային հանրությունից ստացավ պատերազմ սկսելու իրավունքը, որովհետև ամբողջ աշխարհը երկար տարիներ պնդում էր, որ ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է, նույնը պնդում էր նաև Ադրբեջանը, և ստացվում էր, որ առնվազն այդ 7 շրջանների հարցում ամբողջ աշխարհը մի՛ բան է ասում, մենք՝ այլ բան։ 3․ Ռուսաստանը և Թուրքիան տարածաշրջանում լրջագույն համատեղ նախագծեր էին իրականացնում, ինչը, բնականաբար, ջերմացնում և նոր մակարդակի վրա էր բարձրացնում նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունները, մինչդեռ հայ-ռուսական հարաբերությունները, հակառակը, վատթարանում էին՝ առավելապես «հեղափոխական իշխանությունների» չմտածված կամ դրսից թելադրվող քայլերի արդյունքում։ 4․ Հեղափոխությունից հետո Հայաստանում կառավարական համակարգի փաստացի կոլապս սկսվեց՝ իշխանություններն անխնա քանդում էին պետական ինստիտուտները, որպեսզի ամեն ինչ սկսեն կառուցել «իրենց կետից»։ Արդյունքում՝ կատարյալ քաոս, ճգնաժամային իրավիճակներում երկիր ղեկավարելու բացահայտ անկարողություն և պատերազմ, որտեղ կարևորը ֆեյսբուքյան «լայքերն» էին։
Հիմա՝ ապագայի մասին։ Պրոբլեմն այն է, որ վերոհիշյալ չորս գործոններից որևէ մեկը չի փոխվել։ Այսօր էլ ադրբեջանական բանակը սպառազինվում է շատ ավելի ինտենսիվորեն, քան հայկականը։ Այսօր էլ ամբողջ աշխարհը մի՛ բան է ասում, մենք՝ այլ բան, որովհետև ամբողջ աշխարհը խոսում է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա-դեմարկացիայի ու խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին, իսկ մեր հասարակական-քաղաքական շրջանակները դեմ են դրան։ Այսօր էլ ռուս-թուրք-ադրբեջանական հարաբերությունները ջերմ-դաշնակցային են, իսկ հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը ոչ միայն պահպանվում, այլև խորանում է։ Այսօր էլ «հեղափոխական իշխանությունները» զբաղված են բացառապես իրենց անձնական կոմֆորտն ապահովելով, իսկ կառավարման համակարգի կոլապսը խորանում է։
Հարց է ծագում՝ եթե բոլոր հիմնական չափանիշներով իրավիճակը հիմա ճիշտ այնպիսին է, ինչպիսին 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ էր, ի՞նչ հիմքեր ունենք կանխատեսելու, թե այս անգամ նոր պատերազմ չի լինի։ Եվ այդ ի՞նչ «վերլուծությունների» հիման վրա են իշխանությունները խոսում բանակն ու ռազմական բյուջեն կրճատելու մասին։
Թե՞ «ադրբեջանցի զինվորներն ո՞ւմ շունն են, պինցետով ու քաշած արաղով հատ-հատ կհանենք երկրից»։
Մարկ Նշանյան