...

Սամսոնն ինքն էր Հայաստանը

Սամսոնն ինքն էր Հայաստանը

Նրա լույսը չի հանգչել

Մինչ իշխանությունները խճճվել են իրենց արտաքին և ներքին կադրային հարցերում, այսինքն՝ ամեն տեղ են խճճվել, եկեք այնուամենայնիվ սկսենք նրանից, որ այսօր լրանում է Սամսոն Ղազարյանի 70-ամյակը:

Թերևս, «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից ամենաքիչը Սամսոն Ղազարյանին ենք հիշում, նրա մասին խոսում, բայց դա ճիշտ չէ: Որովհետև Սամսոն Ղազարյանի անցած ճանապարհը հենց Հայաստանի Հանրապետության ճանապարհն է: Սամսոնը հենց ինքը Հայաստանն է: Շարժման առաջին իսկ օրերին Հայաստանի պես անմռունչ, լուռ, կրել է բոլոր զրկանքները, տառապանքները, Հայաստանի պես ուրախացել ու տխրել, սրտում փայփայել, գուրգուրել Հայաստանը:

Սամսոնն այն մարդն է, որն ամեն ինչ տվել է Հայաստանին՝ հոգի, էներգիա, էմոցիա, գիտելիք, սիրտ ու արյուն, ու ոչինչ չի պահանջել դրա դիմաց, ոչինչ չի ստացել, որովհետև Հայաստանն ինքն էր, իրենն էր, ինքն իրենից ի՞նչ պահանջեր: 

Մի ամիս առաջ նա հեռացավ ցավի մեջ պարփակված, ինչքան էլ ուժեղ մարդ լինես, իհարկե ցավից կգալարվես, երբ տեսնում ես, թե ինչպես են տարիներով կառուցած, քարը քարի վրա դրած նորելուկ հայրենիքը բզկտում, հարվածում, ներսից, դրսից, կողքից... ինչպես են այդքան մեծ զրկանքների գնով ձեռքբերածը փոզմիշ անում: Չդիմացավ այս այլասերվածությանը, այս այլասերված քաղաքական դաշտի մեյմունություններին: Ինքը սրա համար չէր պայքարել, որ գյադաների ժամանակներին փոխարինի թուլեքի ժամանակը: 

Բայց մեզ թողնելով՝ Սամսոնը մնում է և կմնա բարոյականության, պարկեշտության, չհանձնվողի էն փարոսը, որը գուցե մեզ օգնի խուսափել փոթորիկներից, աղետներից, որոնք մեր գլխին կուտակված են, ցույց տա այն ճանապարհը, որտեղ տեղ չկա անբարոյականության ու հանձնվողների համար: 

Պետք է հաճախ հիշել Սամսոնին. ինքը Հայաստանն էր: 

Ո՞ւմ լավն եք ուզում

Օֆֆֆ, դե հիմա արի, Սամսոն Ղազարյանի պես պայծառ դեմքի մասին մտորումներից հետո խոսիր էս.... արա, էս ո՞վ են սրանք: Ախր ի՞նչ խոսես: Մանկապարտեզում որ երեխան ճաշը թափի մյուս երեխայի վրա, ու սենց աչքերիդ նայելով, ասի՝ էդ ես չեմ արել, դրա ի՞նչը մեկնաբանես, գնահատականներ տաս, վերլուծես: 

Նույնն էլ էս իշխանություններն են. Հայաստանի գլխին ինչ ճաշ ասես, որ չեն թափում, ու ամեն անգամ աչքերիդ նայելով, հայտարարում են. էդ մենք չենք արել: Հա, Սամսոն Ղազարյանն է արել: Տենց էլ ասում են: Այ, որ Սամսոնը 88-ին չասեր «Միացում», 91-ին Վանոն չասեր անկախություն, 97-ին Լևոնը չասեր խաղաղություն, Սերժը, Վազգենը, Ռոբերտը չասեին ու չանեին էս ու էն, էս ճաշը չէր թափվի մեր գլխին: Թե չէ մենք ի՞նչ, մենք լավն ենք, մենք ձեր լավն ենք ուզում... ի՞նչն եք ուզում... հա էլի, մեր լավը... 

Հավատարմության հրաժարականներ

Բա էս հրաժարականները: Այս շաբաթ մի քանի ՔՊ-ական հրաժարական տվեցին: Ինչ-որ սրտաճմլիկ հայտարարություններով թողնում են պաշտոնը: Շնորհակալ ենք վստահության համար, հպարտ ենք մեր աշխատանքով, բայց հրաժարական ենք տալիս: Ասում ես. երևի հասկացել են, որ իշխանությունները վարի են տալիս երկիրը, ուզում են մի կողմ քաշվել, դրանցից հեռու մնալ, էն էլ պարզվում է, որ նոր պաշտոններ են ստանալու: .

Մեկը հայկական ԿՀՎ-ի պետ, էդ վերջն է, արտաքին հետախուզության պետին արտաքին տեսքի համար են նշանակում, էն մյուսին՝ դեսպան, երրորդին՝ փոխնախարար... Հարցնում ես. բայց ո՞ր արժանիքների համար, թե բա. շատ հավատարիմ կադր է: Գիտելիքները, փորձը, մասնագիտական ունակությունները հեչ, կարևորը հավատարիմ լինեն: Կլինեն հավատարիմ, բայց իմացեք, որ այդ հավատարմությունը մի օր թարս է աճելու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2708 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ