...

Սամվել Կարապետյանի երազը

Սամվել Կարապետյանի երազը

Ինքը որոշել է մտնել ակտիվ քաղաքականություն: Բայց՝ Հայաստանում: Եվ ահա փակ ֆորմատով հանդիպում է կազմակերպել Tashir.news, Tashir.Today, Tashir.info, Tashir.ru լրատվամիջոցների խմբագիրների հետ: Մենակ Tashir.Pizza-ից մարդ չի եկել. գնացել են Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը լուսաբանելու:

«Նախ, ուզում եմ ասել, որ ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում զբաղվել քաղաքականությամբ: Էն Արա Աբրահամյանը զիբիլ դուրս եկավ, ռուսները նրա վրա խաչ քաշեցին: Ահա թե ինչու ես որոշեցի քաղաքական գործունեություն ծավալել այս երկրում: Խնդրեմ, իսկ հիմա հարցեր»:

«Ինչպե՞ս եք վերաբերվում մամուլի ազատությանը»,- հարցնում է Tashir.Today-ը: «Շատ գործնական. այն լրատվամիջոցները, որոնք ինձ հետ կհամագործակցեն, իրենց լույսի փողը ես ամեն ամիս կփակեմ: Հեսա որ «Յուքոմն» ու «Բիլայնն» էլ վերցնեմ, ձեզ անսահմանափակ խոսելու ու ինտերնետի հնարավորություն կտամ: Ուղղակի այնտեղ մի հատ կեղծ ստորագրության մոմենտ կա, դա էլ ուլադիտ անենք, հարցը փակենք»: 

«Ո՞ւմ հետ եք համագործակցելու Հայաստանի քաղաքական դաշտում»,- ժպտալով հարցնում է Tashir.news-ը: «Բայց ինչի՞ միայն քաղաքական դաշտում: Մենք նաև քաղաքացիական դաշտում ենք գործելու, մտադիր ենք նաև աշխատել լոլիկի դաշտում: Գիտեք, լոլիկի ոլորտում վերջին տարիներին մի տեսակ մենաշնորհ կա, իբր Հայաստանի համար լոլիկ են աճեցնում, սակայն իրականում այն դրսի ուժերի համար են արտահանում ու դրանով սպասարկում օտարների շահույթները: Դա վտանգավոր է ազգային անվտանգության առումով»:

«Մենք ինֆո ունենք, որ դուք որոշել եք բացել «Ռոդինա» հիմնադրամ: Ի՞նչ խնդիրներ է լուծելու հիմնադրամը»,- հետաքրքրվում է Tashir.info-ն:

«Այն լինելու է ազգային: Ֆինանսավորվելու է բացառապես Հայաստանի հայերի կողմից: Ովքեր աշխատում են էլցանցում, «Տաշիր» ցանցում և հույս ունեմ՝ նաև հեռախոսացանցում: Իմիջիայլոց, հիմնադրամի շենքում ցանցավոր բատուտ ենք տեղադրելու, որ ցանկացողները գան, այնտեղ թռչկոտեն»: 

Հերթը Tashir.ru-ինն է. «Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ կոռուպցիոն...»,- սակայն ընդհատում է և ասում. «Ժողովուրդ ջան, վարչապետի հետ կապված հարցերին կպատասխանի իմ տեղակալը: Նստի, Արթուր ջան, շարունակի, կարևոր բաներն արդեն ասել եմ»:

Արթնանում է Մոնթեսորիի վիլլայում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 19, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   5291 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ