...

Սարդարապատի պաթոսն ու չյուրացված դասերը

Սարդարապատի պաթոսն ու չյուրացված դասերը

Մայիսի 28-ը Առաջին հանրապետության օրն է, ու քանի որ Հայաստանն էլ նախընտրական փուլում է՝ փքուն հայրենասիրության ու վերամբարձ ճառերի համար իդեալական պահ է։ Բայց քանի որ Առաջին հանրապետությունը գոյատևել է ընդամենը երկուսուկես տարի ու կործանվել առավելապես օրվա իշխանավորների արկածախնդրության պատճառով, մայիսի 28-ը որպես Առաջին հանրապետության օր նշելը մի տեսակ «սիրուն չի ստացվում»։ Դրա համար էլ տոնական միջոցառումները հիմնականում անցկացվում են Սարդարապատում, քաղաքական ուժերն էլ գերադասում են ավելի շատ հենց Սարդարապատի ճակատամարտից խոսել՝ «այսօր մենք կանգնած ենք նոր Սարդարապատի շեմին», «համախմբվելու պահն է», «այսօր կամ երբեք» և այլն։

Իրականում Հայաստանն այսօր ոչ թե 1918 թ. Սարդարապատի ճակատամարտի, այլ 1920 թ. նոյեմբերի 29-ի նախօրեի վիճակում է։ Մենք մեր երկրորդ Սարդարապատը 1989-91 թվականներին ենք ապրել, երբ համախմբվել ենք, ուժերի գերլարումով հաղթել բոլոր չափանիշներով մեզանից ավելի ուժեղ հակառակորդին և անկախ պետականություն հիմնել (ճիշտ և ճիշտ 1918-ի նման)։ Պարզապես հետո կրկնվել է այն, ինչ Առաջին հանրապետության ստեղծումից հետո, երբ եղածով չենք բավարարվել, ձգտել ենք առավելագույնին, ողջամտությունը համարել ենք դավաճանություն, չորս հարևաններից երեքի հետ ունեցել ենք ոչ թե սահման, այլ ճակատ, հետո ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման ֆոնին Թուրքիան ու Ադրբեջանը հարձակվել են, հայկական բանակը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է, ռուսական «ազատարար Կարմիր բանակը» եկել է մեզ «փրկելու», և արդյունքում՝ կորցրել ենք մեր անկախությունը։ Ի դեպ՝ այն ժամանակ էլ, 1920-ի նոյեմբերի 29-ից հետո, երկրում զրկված լինելով փաստացի իշխանությունից, արդեն իսկ կործանված Առաջին հանրապետության ղեկավարները Բաթումում պայմանագիր են ստորագրել ու հրաժարվել Հայաստանի տարածքի մեծ մասից։ 

Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։ Արցախյան առաջին պատերազմում մենք հաղթեցինք, բայց ձգտում էինք առավելագույնին ու ողջամտությունը համարում դավաճանություն, իսկ այդ արկածախնդրության վերջը եղավ այն, որ ռուս-թուրքական ջերմացման ֆոնին բոլոր կողմերից հարձակվեցին մեզ վրա, մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ ունեցանք, ռուս խաղաղապահները եկան «մեզ փրկելու», օրվա իշխանավորներն էլ, փաստացի իշխանություն չունենալով, պատրաստվում են նոր փաստաթուղթ ստորագրել ու նորանոր տարածքներ զիջել։ Ինչ վերաբերում է անկախությանը, ապա ամենայն հավանականությամբ «թղթի վրա» մենք այն դեռ որոշ ժամանակ կպահպանենք, բայց փաստն այն է, որ մենք արդեն իսկ պաշտոնապես ռուս գեներալներին ենք հրավիրում, որ որոշեն Հայաստանի սահմաններն ու պաշտպանեն դրանք։

Կարճ ասած, ո՞րն է մայիսի 28-ի խորհուրդը կամ դասը։ Այն, որ մենք, այո, կարող ենք վճռական պահին համախմբվել և միասնաբար, ուժերի գերլարումով հաղթել անգամ անհուսալի թվացող վիճակներում, բայց այդ հաղթանակը գրոշի արժեք չունի, եթե հետագայում չենք կարողանալու գնահատել դա և օգտագործել առավելագույն արդյունավետությամբ։ Ի՞նչ իմաստ ունի ամեն օր արյուն-քրտինքով «քարից հաց քամելը», եթե օրվա վերջում, միևնույն է, վաստակածդ մսխելու ես առաջին պատահած խաղատանը, և ի՞նչ իմաստ ունեն ամեն հաջորդ առավոտ վերամբարձ տոնով արտասանվող այն ճառերը, թե «պետք է ամեն գնով ևս մեկ անգամ համախմբվենք ու գնանք արյուն-քրտինքով վաստակելու մեր օրվա հացը»։ 

Ի վերջո յուրացրե՞լ ենք այդ դասը, թե ոչ։ Դատելով ներքաղաքական գործընթացների որակից՝ ոչ, չենք յուրացրել։ Իսկ յուրաքանչյուր ձախողումից հետո «նոր Սարդարապատ» կերտելու շանսերը կատաստրոֆիկ տեմպերով նվազում են՝ ձգտելով զրոյի։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   630 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ