Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Գորիս-Կապան ճանապարհին «Ադրբեջանի տարածք անօրինական մուտք գործելու համար» իրանցի վարորդները ձերբակալվել են։ «Այդ մեքենաների վարորդների դեմ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն՝ համաձայն Ադրբեջանի օրենսդրության»,- ասված է հայտարարության մեջ։
Այս օրը շատերն էին գրում, որ հեսա Իրանը տեսեք՝ ինչ է անելու, բարկանալու է, որ ադրբեջանցիները նեղացնում են իր վարորդներին, միջամտելու է, Հայաստանի հետ դաշինք է կազմելու, մեզ օգնելու է, աջակցելու է:
Քանի ասացին, այնքան Ադրբեջանն ավելի կոշտացրեց վարքագիծը Գորիս-Կապան ճանապարհին: Ու ոնց որ թե Իրանն էլ բան չի ասում: Ու ի՞նչ անի Իրանը, եթե Հայաստանը որևէ քայլ չի կատարում՝ Ադրբեջանի գործողություններին հակազդելու համար: Հերիք չի, բան չի անում, դեռ Հայաստանի ղեկավարն էլ արդարացնում է Ադրբեջանի քայլերը, թե բա՝ խորհրդային քարտեզով էդ հատվածն իրենցն է, մենք ինչ անենք:
Կամ ասում է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով Ադրբեջանը պարտավորվում էր ապահովել հայերի անվտանգ երթևեկությունը այս հատվածներում, բայց օտարերկրյա մեքենաների մոմենտը հաշվի չէինք առել, իրենք էլ այդ սողանցքից օգտվում են: Բա ինչի՞ հաշվի չէիք առել:
Սրանց հիմա ո՞նց բացատրես, որ 1990-ականներին Հայաստանի իշխանությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված փաստաթղթեր ստորագրելիս տառակերությամբ էին զբաղված: Փաստաթղթերի տեքստերի ամեն բառի վրա աշխատում էին, ամեն արտահայտության, նախադասության:
Ամենայն լրջությամբ ենք ասում: Որովհետև նույնիսկ մի բառը փաստաթղթում կարող է էական նշանակություն ունենալ: Սխալ ձևակերպված նախադասությունը կարող է լրիվ փոխել փաստաթղթի բովանդակությունն ու էությունը:
Իսկ սրանց ինչ դեմ են տվել, միանգամից ստորագրել են՝ առանց հաշվի առնելու հարյուրավոր գործոններ, մանրուքներ: Ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է: Ադրբեջանն այդ մանրուքներից օգտվում է. իսկ սրանք քարտեզից են խոսում:
Մենք անգամ չենք ուզում պատկերացնել, թե սրանք ինչեր կարող են ստորագրել՝ ի վնաս Հայաստանի և Արցախի, եթե նույնիսկ մի էջանոց փաստաթղթում ի վիճակի չեն տեսնել մեր համար վտանգավոր կետեր, պայմաններ: