...

Սատանան ձեզ դաշնակից

Սատանան ձեզ դաշնակից

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Համբերությունս էլ չի հերիքում ու չգիտեմ, թե ինչ բառերով արտահայտեմ զայրույթս. այ սրբապի՜ղծ, բա որ մոլորվել էին, դրա համա՞ր էին հետո 1000 հատ ՈՒԱԶ արժեցող հրետանային արկեր կրակում մեր դիրքերի վրա: Որ ի՞նչ լիներ: Որ գային ՈՒԱԶ-ը հետ տանեի՞ն: Դրա համա՞ր է Ալիևի դեսպանը Մոսկվայում հայտարարում, որ մեծամասշտաբ պատերազմի են պատրաստվում: Դրա՞ համար է Ալիևն անվտանգության խորհրդի նիստ անում, Արցախն ու Երևանն էլ պատմական Ադրբեջան անվանում: Դրա համա՞ր են մինչև կոկորդը զինվում:

Զինվորներն ու սպաները սահմանին կանգնած, տեղացող արկերի տակ կենաց ու մահու կռիվ են տալիս, իսկ նա «խաղաղասիրական կոչով» դիմում է թշնամուն ու խաղաղություն մուրո՞ւմ: Իրականում խաղաղությու՜ն էլ չի մուրում, այլ բաց ազդակ է փոխանցում, որ պատերազմի պահին մարդ ու կին իրենց դավաճանական գործը կանեն մինչև վերջ, ինչպես երևի հայ ժողովրդի թիկունքում ի սկզբանե խոստացել են:

Չե՛ք հաջողելու: Պատժվելու՛ եք: Աննապադեպ ու դաժան ձևով եք պատժվելու: Ձեր պատիժը տասը սերնդի կենդանի օրինակ է լինելու, թե ինչ է լինում նրանց հետ, ովքեր որոշում են դավաճանել իրենց հայրենիքին ու սատանայի հետ գործարքի գնում:

Ազգային ազատագրական պայքարը սկսված է: Էս պայքարում ով պարտվի` դավաճան է»:

«ՉԻ». Օրինակ՝ Սամվել Ֆարմանյանը սրբապիղծ չէ, գոնե այս պահին, քանի որ դեռ չի դավաճանել Միքայել Մինասյանին: Ճիշտ է, չնայած երիտասարդ տարիքին՝ արդեն հասցրել է մի քանի կուսակցություն փոխել, բայց ամենայն հավանականությամբ փեսայի առաջադրանքներն է կատարել, և դավաճանությունը չի եղել որպես շարժիչ ուժ:

Իսկ համբերությունը հերիքո՞ւմ էր ձայն չհանելու համար, երբ բանակ էին թալանում: Իսկ ի՞նչ զգացումներ ունեցաք, երբ ձեր շեֆի աները հայտարարում էր, որ կորցված հողերը անպիտան տարածք են: Գոնե դեղ խմեցի՞ք, երբ նույն կերպարը խղճուկ տեսքով, վախեցած և կռացած հայտարարում էր, որ 80-ականների զենքով ենք կռվում: Մոռանալով, որ նույն Ադրբեջանը գնում է 80-ականների զենքը, իսկ իրենք խաղում են Բադեն-Բադեններում:

Պատմաբան տղա եք, որտե՞ղ եք տեսել խաղաղասիրություն մուրալով տարածք ազատագրեն: Եթե դա հնարավոր է՝ թող Փաշինյանը առավոտից երեկո խաղաղություն մուրա, մինչև հայկական բանակը կհասնի Գանձակ կամ Բաքու:

Չհաջողեցիք դուք, որ բանակը թալանելով՝ փորձում էիք փոխարենը պաթոսով լցնել տանկերի բակերը: Պատժվեցիք, իհարկե՝ ոչ դաժան կերպով: Թեպետ հետևելով ձեր վարքագծին և հոգեկան վիճակին՝ ակնհայտ է՝ պաշտոնը կորցնելը ձեր համար պատիժ է:

Ազգային ազատագրական պայքար ո՞ւմ դեմ եք սկսում՝ ժողովրդի՞, թե՞ նրա լեգիտիմ իշխանության: Ցանկանում եք նրանց հեռացնել և ինչ՝ նորի՞ց գաք իշխանության: Այնքան հրեշավոր ծրագիր է, որ միայն սատանայի հետ համագործակցությունը կարող է որոշակի հաջողություն ապահովել ձեր ծրագրերին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1392 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ