...

Սաղ զոհերն ու կորուստները՝ հեչ, ռեյտինգդ՝ մե՞ջ

Սաղ զոհերն ու կորուստները՝ հեչ, ռեյտինգդ՝ մե՞ջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ փորձել է բացատրել, թե ինչու այսպես եղավ: Մասնավորապես, նա գրել է. «Ուրեմն՝ հայկական կողմը ամենաբարձր մակարդակով և հրապարակային արձանագրել է, որ 2011 թվականին Կազանում Հայաստանը պատրաստ է եղել հանձնել 7 շրջանները՝ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի և կարգավիճակի հարցով հետագա հանրաքվեի դիմաց, բայց Ադրբեջանը չի համաձայնել և նորանոր պահանջներ է առաջ քաշել:

Այլընտրանքը այն էր, որ դիմեի ժողովրդին, ասեի՝ ժողովուրդ ջան, իրավիճակը էսպիսին է, կամ պիտի հանձնենք 7 շրջանները, առանց Ղարաբաղի կարգավիճակի, կամ պատերազմ է: Մարդիկ ի՞նչ պետք է ասեին. պիտի ասեին՝ ոչ, մենք կկանգնենք և կկռվենք հանուն մեր հայրենիքի: Ու պատերազմը կսկսվեր ու կստացվեր, որ Հայաստանը պատերազմ սկսեց:

Եթե ասեի՝ չէ որ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ-դավաճան» ու էլի պատերազմ պիտի սկսվեր:

Որևէ փուլում՝ այդ թվում թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր:

Շուտ կագնեցնեիր պատերազմը. պատերազմը շուտ կանգնեցնելու գինը նույնն էր՝ 7 շրջանների հանձնում: Եթե Շուշիի կորստից ու Ստեփանակերտի վրա կախված մահացու սպառնալիքի պայմաններում 3 շրջան հանձնելը դավաճանություն է, համեմատաբար ավելի լավ պայմաններում 7 շրջանների հանձնումը ո՞նց դավաճանություն չէր լինելու»:

Այսինքն, ի՞նչ է ստացվում: Միայն նրա համար, որպեսզի հանկարծ իրեն դավաճան չհամարեն, Նիկոլ Փաշինյանը 2,5 տարի ոչինչ չի արել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: 

Ավելին, ձեռքի տակ ունենալով ՀՀ ռազմական գերատեսչության զեկույցը, որ նոր պատերազմը կարող է աղետալի հետևանքներ ունենա, էլի քայլ չի կատարել:

Հազարավոր զոհեր ենք տվել, ահռելի տարածքային կորուստներ ենք ունեցել, բանակը ջախջախվել է, հազարավոր փախստականներ ենք ստացել, ինքնիշխանություն ենք կորցրել, և Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ սա գինն է այն բանի, որ իրեն դավաճան չհամարեն: Այսինքն, այս պատերազմում իր ուշքն ու միտքը միայն իր ռեյտինգն է եղել, որ «հեղինակությունը» հանկարծ չսասանվի: 

Ընդ որում, նա անընդհատ շանս է ստացել, որպեսզի իրավիճակը շտկի, գնա լուծումների, որոնք կբացառեին նոր զոհերը, տարածքային նոր կորուստները, ուժերի հարաբերակցության խախտումը, բանակի պահպանումը... բայց ամեն անգամ, այդ շանսն օգտագործելուց առաջ դրել, հաշվել է, թե որքանով դա կազդի իր հեղինակության կամ վարկանիշի վրա: Ու քանի որ հակամարտության կարգավորման ցանկացած լուծում, այսպես թե այնպես, նաև բացասական արձագանքներ է ունենում հանրության շրջանում, ոչ մի քայլի չի գնացել, մերժել է բոլոր ռացիոնալ, խելամիտ առաջարկները: Ջհանդամ այդ բոլոր կորուստները, միայն թե դավաճանի պիտակ չկպցնեն:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1185 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ