Մերժվածների ՍԴ-ն երեկ հրապարակել է մեղադրյալ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը: ՀՀ քաղաքացին այլ որոշում չէր էլ սպասում: Թե ի՞նչ որոշում էր սպասում և ընդհանրապես ի՞նչ է մտածում Նիկոլ Փաշինյանը, մի քիչ անահասկանալի է: Շուտով մեկ տարին կլրանա, ինչ ԱԺ-ում մեծամասնություն ունեն: Քանի՞ օրենք են ընդունել, որ կմերժեր մերժվածների արատավոր համակարգը: Ոչ մի: ՍԴ դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի մասին դիմումը ԱԺ-ն քննարկման առարկա չի դարձրել, իսկ մեծամասնության ղեկավարը հայտարարում էր, թե իրենք չեն շտապում: Է, մի շտապեք: Մի օր էլ Ձեզ հակասահմանադրական կճանաչեն: ԱԺ-ում հայտնվել են մարդիկ, որ նույնիսկ չեն էլ հասկանոմ, թե որտեղ են գտնվում և չեն պատկերացնում, թե ի՞նչ է թիմային աշխատանքը, և եթե խոսքը վերաբերում է հանրությանը հետաքրքրող հարցերին, ապա պատասխանները խմբակցությունում որոշում կայացնելուց հետո պիտի հրապարակեն: Մի բան լավ գիտեն, որ դեռ բավական երկար ժամանակ ունեն իրենց բարձր աշխատավարձերն ու պարգևավճարները վայելելու, դրա համար էլ գորգերը բարեհաջող լվացին ու արձակուրդ գնացին: Հրաշալի է: Հետաքրքիր է, նման խայտառակ որոշումից հետո էլ պիտի չշտապեն լուծել ՍԴ-ի խնդիրը:
Երբ առողջապահության նախարար նշանակվեց Արսեն Թորոսյանը, «Իմ քայլի» պատգամավորը վարկաբեկող հոդվածներ էր հրապարակում իր թերթում և մինչև այսօր շարունակում է: Արսեն Թորոսյանը կառավարության ամենահեղինակավոր նախարարն է, որի ոլորտում բարեփոխումները տեսանելի են: Բոլորիս է հայտնի առողջապահության համակարգի կոռումպացվածությունը, չնայած մեր կյանքի բոլոր բնագավառներն էլ կոռումպացված էին և ՀՀ հեղափոխական քաղաքացին դուրս էր եկել փողոց և ուզում էր, որ վերջ լինի կոռուպացված համակարգին և ապրի իրավական երկրում: Քաղաքացին հույս ուներ, որ նրանք, ովքեր թալանել ու քարուքանդ են արել երկիրը, թալանն օրինական ճանապարհով հետ կվերադարձնեն և պատասխանատվության կենթարկվեն:
Առայժմ նման բան չի եղել:
Հեղափոխությունը թալանչուն, գողին ու մարդասպանին չի սիրում: Աշխարհում չի եղել սիրող ու հանդուրժող հեղափոխություն: ՍԴ երեկվա որոշումը հաստատեց, որ սիրելով ու հանդուրժելով հեղափոխություն չի լինում: Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների սևազգեստ մայրերը մինչև այսօր պայքարում են մարդասպաններին հայտնաբերելու համար, հեղափոխությունից հետո ոչ մի տեղաշարժ չի եղել: Արդեն կասկածելի է, որ մերժվածների դատական համակարգով մարտի մեկի գործը կարող է հասնել տրամաբանական ավարտին, որ մարդասպաններն էլ ստանան արժանի պատիժ: Հանքերի տիրակալները հոշոտել են երկրի ընդերքը և նույն ձևով շարունակում են: Դեռ մտածում են, որ Ամուլսարն էլ պիտի հանք դառնա: Ում մեղադրանք է առաջադրվում, անբուժելի հիվանդ է կամ էլ բացակայում է երկրից: Անկեղծ ասած, մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ եթե հեղափոխությունից հետո դատական համակարգում, ոստիկանությունում, ԱԱԾ-ում, ԿԲ-ում, ՊԵԿ-ում մնում են նախահեղափոխական կադրերը, դժվար թե հեղափոխությունը նպատակին ծառայի և Նիկոլ Փաշինյանն ինչքան էլ լայվեր անի, թվեր հրապարակի և կոսմետիկ բաներ անի, հաջողություն չի կարող գրանցել: ԱԺ-ում ունեն մեծամասնություն, բայց ի՞նչ մեծամասնություն, երբ միասնական որոշում չեն կարողանում կայացնել: Երկիր ղեկավարելը շատ ավելի լուրջ բան է... Նիկոլ Փաշինյանն իրեն պահում է այնպես, կարելի է կարծել, թե ժառանգություն է ստացել բարեկեցիկ երկիր, ոչ թե քարուքանդ եղած ու թալանված:
Իհարկե, դեռ ամեն ինչ կորած չէ, և վարչապետ Փաշինյանը պիտի հաշվի նստի ստեղծված իրավիճակի հետ: Հակառակորդը մինչև ատամները զինված է հսկայական ֆինանսական ռեսուրսով և ոչնչի դեմ չի կանգնելու: Շահարկել են և շահարկում են Արցախի հարցը: Մեծ փորձ ունեն:
Ջավահիր Այվազյան