«ԱԺ մի շարք պատգամավորների կողմից Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնումը, որով նախատեսվում է օրենսդիր իշխանության կողմից դատական (սահմանադրական արդարադատություն իրականացնող) իշխանության ներկայացուցիչների լիազորությունների դադարեցումը ոչ այլ ինչ է, քան Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման փորձ: Բացի այդ, Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների այսկերպ դադարեցումը կարող է կաթվածահար անել սահմանադրական արդարադատության իրականացմանը»:
«ՉԻ». Սա հատված էր Փաստաբանների Պալատի երկարաշունչ հայտարարությունից:
Նույն կազմակերպության հայտարարությունից, որ ծպտուն չհանեց 2015 թվականի կեղծված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ: Նույն կազմակերպության, որ ձայն չհանեց 2017 թվականի կեղծված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Այսինքն՝ մի կազմակերպության, որ կարելի է անվանել Սահմանադրական դատարանի քույր կազմակերպություն: Փաստաբանների պալատը մի կազմակերպություն է, որտեղ ծեծեցին փաստաբաններին: Մի կազմակերպություն է, որտեղ իշխանության պատվերով պատժում էին փաստաբաններին: Մի կազմակերպություն է, որտեղ մարդու իրավունքները պաշտպանելու փոխարեն, առավոտից-երեկո նստած միջնադարյան տրակտատներ են գրում Ստամբուլյան կոնվենցիայի մասին:
Բայց իշխանությանը տեղն է, կարճ ասած՝ հասնում է: Թողել է, որ մենաշնորհային դիրք գրավեն, նրանք էլ նստած թիթեռ նկարելով են զբաղված: Խորհրդարանը վաղուց պետք է փոփոխություններ կատարած լիներ «Փաստաբանության մասին» օրենքում, և մեկի փոխարեն այժմ կունենայինք մի քանի Փաստաբանական պալատներ: Կառաջանար իրական մրցակցություն, և ոմանք չէին օգտագործի իրենց մենաշնորհային դիրքը հակաժողովրդավարական հայտարարություններ անելու համար: