...

Սերժ Սարգսյանին առաջարկում ենք հերթը չխախտել ու հանգիստ նստել տեղը

Սերժ Սարգսյանին առաջարկում ենք հերթը չխախտել ու հանգիստ նստել տեղը

Մեկուկես տարվա լռությունից հետո Սերժ Սարգսյանը որոշել է ոչ միայն խոսել, այլև «թասիբի գցել» իրավապահ մարմիններին և օր առաջ իրեն ձերբակալելու որոշում ներշնչել: Նա, որքան էլ տարօրինակ է, իր հնարավոր ձերբակալությունը երեկ մի միջոցառման ժամանակ որոշել է քննարկել այնպիսի վերացական հասկացության համատեքստում, ինչպիսին վախն է: Հարցին, թե արդյոք չի վախենում, որ ձերբակալությունների շղթան մի օր էր իրեն կհասնի` Սարգսյանը պատասխանում է: «Ինչպես հայտնի է՝ ոչինչից չի վախենում միայն կատարյալ հիմարը։ Ես 1988 թվականից հետո իրոք վախեցել եմ, վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը՝ Լեռնային Ղարաբաղը, ինչը շատ մեծ և իրական վտանգ կբերեր մեր հայրենիքի մնացած և վերջին մասի համար։ Բայց տասնյակ հազարավոր նվիրյալների հետ միասին նայելով վախի աչքերի մեջ՝ մենք կարողացել ենք հաղթահարել այդ վախը պատերազմի՝ ձեզ հայտնի արդյունքներով։ Ես հիմա էլ եմ վախենում անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից»։

Նախկին նախագահը ոջիլի մասին հայտնի պատմության հերոսի կարգավիճակում է հայտնվել` նրան ինչից ուզում ես հարցրու, նա պատասխանը տանում-հանգեցնում է Ղարաբաղյան պատերազմում իր մասնակցությանն ու երեստվանքի պես հերթական անգամ դեմդ դնում իր արածները: Իսկ թե մասնավորապես ինչում է դրսևորվում իր ասած պոպուլիստների կործանարար քաղաքականությունը, որից էլ վախենում է ինքը, ազգովի մերժածը գերադասում է լռել: Փոխարենը, որպես կատարյալ վախկոտ, թաքնվելով իր մարտական ըներների թիկունքում, իր քաղաքական թիմի երիտասարդ ներկայացուցիչների ֆեյսբուքյան պրոֆիլների տակ նա ռևանշիստական պատերազմ է վարում այն քաղաքական թիմի դեմ, որի ղեկավարի հասցեին ընդամենը մեկուկես տարի առաջ հայտարարել էր` ինքը ճիշտ էր, ես սխալվեցի:  

Նույն Սերժ Սարգսյանը, սակայն, իր ելույթի երկրորդ պարբերության մեջ մոռանում է, որ ոչնչից չի վախենում միայն կատարյալ հիմարն ու ինքնավստահ հայտարարում է, թե «իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ, եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն»

Սերժ Սարգսյանի այս խոսքը նրա կառավարման շրջանի հանցավոր մտայության խտացվածքն է, երբ որևէ անցակալի պերսոնայի կարող էին անհիմն մեղադրանք առաջադրել, ձերբակալել ու դատապարտել: Սակայն այլ է իրավիճակը անձամբ իր դեպքում, և նրան կատարյալ հիմար չլինելն ու իր անձի համար վախենալը հաստատ չէր խանգարի: Նա զուր է հույսեր փայփայում, որ ժողովրդին գոհ ու երջանիկ լինելու համար այդքան քիչ բան է հարկավոր` միայն իրեն ձերբակալելը: Դրանից առաջ իրեն նախ պետք է մեղադրանք առաջադրվի, որոնցից մեկն էլ կարող է լինել իր կողմից խնամքով վերը թվարկված հանցագործություններից մեկը, չի բացառվում` բոլորը միասին: Եվ միայն իր մասով իրականացված արդարադատությունից հետո կարելի է խոսել ժողովրդի գոհ ու երջանիկ լինելու մասին: Այնպես որ` թող Սերժ Սարգսյանը հանգիստ նստի տեղն ու սպասի այդ օրվան:   

Պաշտոնաթող նախագահը, սակայն, չբավարարվելով ասվածով` վախի թեման ավելի է զարգացնում` նշելով, թե վախկոտ են համարվում այն մարդիկ, որոնք ինչ-որ ազդեցությունների հետևանքով հաճախ փոխում են իրենց որոշումները. «Ես որոշում փոխող չեմ, երբեք չեմ փոխել իմ որոշումը»,- մասնավորապես ասում է նա։ Յա, իրո՞ք` կարելի էր ասվածին պատասխանել ասողի` թևավոր դարձած ֆրազով: Փաստորեն, նախկին «նախագան» վաղուց էր որոշել, որ 2018-ին դառնալու է վարչապետ, այդ պատճառով էլ ստիպված եղավ փոխել Սահմանադրությունը, պարզապես, քանի որ կատարյալ հիմար չէ, վախենում էր այդ ժամանակ տղամարդավարի հայտարարել իր որոշման մասին: Իզուր, քանի որ համաժողովրդական շարժման ճնշման տակ նա ստիպված եղավ մեկ անգամ էլ նայել վախի աչքերի մեջ` ինչպես 1988-ից հետո, և կայացնել իր կարիերայի ընթացքում կայացված ամենաողջամիտ որոշումը` հրաժարական տալ` հեղափոխության մեզ հայտնի արդյունքներով: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1036 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ