Այսօր Սերժ Սարգսյանը Sputnik Արմենիային է փոխանցել հեղինակային հոդված՝ 2018-ին նախորդած ու հաջորդած իրադարձությունների վերաբերյալ: Հոդվածում ղարաբաղյան հակամարտության կարգավորման կազանյան գագաթնաժողովի, դրանից առաջ և հետո տեղի ունեցած զարգացումներն են ներկայացվել:
Միանգամից ասենք, որ բավական ուշագրավ հոդված է: Դատելով հոդվածի բովանդակությունից և մատուցման ոճից՝ դրա վրա նաև փորձագետներ էլ են աշխատել:
Առաջին ուշագրավն այն է, որ հոդվածը էքսկլյուզիվ կերպով Սերժ Սարգսյանը փոխանցել է Sputnik Արմենիային: Հիմա թող ամեն մեկն ինքը որոշի, թե ինչու հատկապես այս լրատվամիջոցին: Մի բան կարող ենք հաստատ ասել. դա պատահական չի:
Բայց սա՝ իմիջիայլոց: Ավելի հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին անուղղակի կերպով մեղադրել է ղարաբաղյան կարգավորման գործընթացում իրեն աննպաստ փաթեթ թողնելու մեջ: Նա գրել է, որ Քոչարյանի օրոք՝ «2007թ., Մադրիդյան փաստաթղթում առաջարկվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշել Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումն արտացոլող պլեբիսցիտի միջոցով։ Միևնույն ժամանակ, հղում էր կատարվում Արևմտյան Սահարայի հարցով միջազգային դատարանի 1975թ. խորհրդատվական եզրակացությանը, ինչը Բաքվում գնահատում էին որպես «նեվերենդում» անվանելու առիթ՝ նկատի ունենալով, որ այն երբեք չի կայանա, ինչպես և Արևմտյան Սահարայում: Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը պնդում էր, որ ցանկացած դեպքում պլեբիսցիտը չի կարող պարտադիր ուժ ունենալ: Իսկ 2011թ. Կազանյան փաստաթղթում ոչ միայն անդրադարձ չկար Արևմտյան Սահարայի օրինակին, այլև շեշտվում էր, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո անցկացվող համաժողովրդական քվեարկության միջոցով, որը կարտացոլի Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումը և կունենա իրավական պարտադիր բնույթ»:
Համենայնդեպս, ինչ-որ չենք հիշում, որ այսպես բացահայտ Սերժ Սարգսյանը Քոչարյանի ուղղությամբ «բոչկա» գլորեր: Կարճ ասած, Սերժ Սարգսյանը Քոչարյանին մեղադրել է, որ նրա պատճառով Արցախը դուրս էր մնացել բանակցային գործընթացից և հետն էլ կարգավորման փաթեթներում Արցախի կարգավիճակի հարցում ձախողում է ունեցել:
Երկրորդը, որ գրավեց մեր ուշադրությունը, Սերժ Սարգսյանի հետևյալ ձևակերպումն է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին անկյունաքարային խնդրի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հարցի լուծման։ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Կարգավորման համար միջնորդության միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափ հանդիսացող համանախագահների 2020 թ. դեկտեմբերի 3-ի հայտարարությունը ճիշտ ուղղությամբ շատ կարևոր ազդանշան է»:
Այսինքն՝ Սերժ Սարգսյանը սրանով անվստահություն է հայտնել Ռուսաստանին՝ համարելով, որ վերջինս չի կարող արցախյան հակամարտության կարգավորման գլխավոր և միակ «արբիտր» լինել, և պետք է վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, ինչին կտրուկ դեմ է Ադրբեջանը, և՝ մեծ հաշվով, նաև Ռուսաստանը: Այ, սա ամենահետաքրքիր պահն է:
Այդ հոդվածում էլի կան ուշագրավ մտքեր, դրանց առանձին կանդրադառնանք: Ուղղակի մի հատ տեսնենք, թե ինչպես կարձագանքեն Ռ. Քոչարյանը, իշխանությունները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, հատկապես՝ Ռուսաստանը: