13 քաղաքական կուսակցությունների հայտարարությունը, որով կառավարությունից պահանջում են օպերատիվ կառավարման շտաբ ստեղծել, բուռն քննարկումների և քննադատությունների տեղիք տվեց: Կարելի է ասել, ալեկոծեց առանց այդ էլ լարման մեջ գտնվող հանրությանը:
Ուշագրավ էր, որ այդ հայտարարությանը չէին միացել խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները՝ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն: Բայց խոսքն այդ մասին չէ:
Իհարկե, այս կուսակցությունների մեծ մասը Նոյի թվից ընդամենը թղթի վրա գոյություն ունի: Մարդ-կուսակցություն, որոնք տարին մեկ անգամ ինչ-որ կերպ իրենց գոյության մասին հիշեցնում են:
Թեպետ Լևոն Տեր-Պետրոսյանը զարմանք հայտնեց, որ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն էլ են միացել այդ հայտարարությանը, բայց ՀՅԴ-ի դեպքում դա սովորական երևույթ է: Մենք իրենց տեսել ենք 1990-ականներին, թե ինչով էին զբաղված պատերազմի ժամանակ: Օր ու գիշեր հանրահավաք էին անում, իշխանությունների հրաժարական պահանջում, ուժային կառույցների պաշտոնները պահանջում: Ջոկատ, «Դրո» կառույց... դրանց մասին ավելորդ է խոսել:
Բայց ահա ՀՀԿ-ի մասնակցությունն այդ նախաձեռնությանն իսկապես զարմանալի է: Այսինքն` դա արվել է Սերժ Սարգսյանի իմացությամբ կամ համաձայնությամբ: Ու սրա մեջ ուխտադրժության տարրեր կան:
Երբ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, այն ժամանակ էլ էր իրավիճակը բավական լարված ու ծանր: Դիրքեր էինք կորցրել, կորուստներ ունեինք: Բայց ընդդիմադիր դաշտի ոչ մի նորմալ ուժի մտքով չի էլ անցել պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը կամ ինչ-որ օպերատիվ շտաբ ստեղծել, այլ բոլորը հայտարարել են այդ բարդ իրավիճակում իշխանություններին սատարելու մասին, կոչ են արել կանգնել Սերժ Սարգսյանի կողքին, նեցուկ լինել մեր բանակին, մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները, ժամանակավորապես դադարեցնել քաղաքական դաշտում իրար քննադատելը կամ բողոքի որևէ ակցիա անցկացնելը:
Ու այդ ամենից հետո Սերժ Սարգսյանը գնում ու միանում է ինչ-որ «իքի-բիր» ուժերի: Ինքը լա՞վ է հիշում, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը իր հետ հանդիպեց, ինչը բացի ստեղծված իրավիճակի շուրջ խորհուրդներ տալուց կամ մտքեր փոխանակելուց, ուներ նաև քաղաքական լուրջ ազդակ և´ ներքին, և՛ միջազգային լսարանի համար: Դա ազդակ էր, որ դրսի ուժերը պատերազմի ժամանակ թող անիմաստ հույս չդնեն ներքաղաքական տարաձայնությունների վրա, որ պատերազմը միավորել է բոլոր լուրջ քաղաքական ուժերին: Ի՞նչն էր խանգարում Սերժ Սարգսյանին գնալ ու հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: Պատերազմից հետո էլի կարելի է իրար միս ուտել, բայց պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ էֆեկտ կունենար թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հանրության շրջանում:
Դրա համար ենք ասում, որ Սերժ Սարգսյանի արածը անշնորհակալ քայլ էր: Ով-ով, բայց նա չպետք է այդ ավանտյուրայի մեջ ներքաշվեր: