...

Սերժ Սարգսյանը մի ուրիշ տեսակ կոշտ էր Թուրքիայի հանդեպ

Սերժ Սարգսյանը մի ուրիշ տեսակ կոշտ էր Թուրքիայի հանդեպ

«2018 թվականի իրադարձություններից հետո տարվող քաղաքականության մեջ բավականին հարցականներ կային, որովհետև եթե այսօր Փաշինյանը նշում է, որ Թուրքիայի քաղաքականությունը նորություն չէ, ապա զարմանալի է, որ այդ նույն ուժի պատգամավորներից ոմանք կարող են ասել, թե կան լավ թուրքեր, առաջարկեն երկխոսության տարատեսակ ֆորմատներ, և այլն։ Ընդհանրապես Թուրքիայի հանդեպ վերջին երկու տարում շատ քիչ ենք հանդիպել Հայաստանի կողմից կոշտ շեշտադրումների, հակադարձումների»:

Սա հատված էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հարցազրույցից` տրված 168.am կայքին:

«ՉԻ». Այն, ինչ իրեն կարող է թույլ տալ ֆեյսբուքի շարքային օգտատերը, նույն շռայլությունը չի կարող անել գիտնականը, դասախոսը կամ հասարակական դիրք զբաղեցնողը: Որովհետև առաջինների դեպքում կարելի է «հա-հա» դնել և անցնել, իսկ երկրորդների դեպքում խնդիրներ են առաջանում:

Հիմա, ընդունենք Մելքոնյանի ուսանողները կարդում են նրա հարցազրույցը և փորձում են հասկանալ, թե 2018 թվականից առաջ Հայաստանն ինչպիսի կոշտ քաղաքականություն էր վարում Թուրքիայի նկատմամբ: Չէ՞ որ իրենց դասախոսն է, պրոֆեսոր մարդ, ուրեմն մի բան գիտի, որ նման պնդումներ է անում: Իհարկե, շատ արագ կգտնեն Լուլուի մի 10 տարի առաջ արտաբերած խոսքերը, թե նա շատ է հարգում թուրքերին, բայց ահագին դժվարության կհանդիպեն՝ գտնելու աղբյուրներ, թե ինչ կոշտ քաղաքականություն է վարել, ասենք, Սերժ Սարգսյանի վարչակազմը:

Թեպետ լավ փորփրելու դեպքում կգտնեն: Օրինակ՝ Սերժ Սարգսյանը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ, երբ թուրքերը գրավեցին մեր դարպասը, ծափահարելու և երջանիկ դեմք ընդունելու փոխարեն կարող էր վազելով մտնել խաղադաշտ և ողջագուրվել թուրք ֆուտբոլիստի հետ: Չի արել, բա կոշտ քաղաքականություն չէ, բա ի՞նչ է:

Կամ նույն խաղի ժամանակ Հայաստանի հավաքականի մարզաշապիկի վրա պատկերված զինանշանի վրայից անհետացել էր Արարատ լեռը: Կարող էր, չէ՞, ընդհանրապես Հայաստան անունը գրված չլիներ մարզաշապիկի վրա: Կոշտ քաղաքականություն չէ, բա ի՞նչ է:

2015 թվականին էր, որ Սերժ Սարգսյանը միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց, թե ճանաչում է շատ ադրբեջանցիների ու թուրքերի, որոնք իրենց պահել են շատ ավելի արժանապատիվ, քան շատ հայեր: Կարող էր, չէ՞, հայտարարել, որ ընդհանրապես թուրքերը ավելի արժանապատիվ ժողովուրդ են, քան հայերը, բայց չի ասել:

Այնպես որ՝ ևս մեկ փաստարկ կոշտ քաղաքականության օգտին:

Իսկ Մելքոնյանին առաջարկում ենք մինչև սեպտեմբեր անջատի հեռախոսը, որ ուսանողները չզանգահարեն և ավել աղբյուրներ չխնդրեն: Գուցե սեպտեմբերին էլ մոռացած լինեն կամ դասերը հետաձգվեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1827 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ