...

Շանտաժով սնված տղան առանց կոմպրոմատ չի լինի

Շանտաժով սնված տղան առանց կոմպրոմատ չի լինի

Ինչպե՞ս են փող վաստակում կոռումպացված լրագրողները կամ խմբագիրները։ Ճիշտ է, հանդես են գալիս որպես արդարության առաջամարտիկներ, որևէ կոռումպացված պաշտոնյայի վերաբերյալ նյութեր են հավաքում՝ հիմնականում տվյալ պաշտոնյայի «չուզողների» միջոցով, իսկ հետո այդ նյութերը հրապարակելու փոխարեն պարզապես գումար են շորթում նրանից։ Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե նման լրագրողներից մեկը պատահաբար հայտնվի իշխանության ղեկին։ Բնականաբար՝ հեծանիվ չի հորինի և կգործի ճիշտ նույն մեթոդով։ Ոչինչ չենք ակնարկում, սրանք ընդամենը տեսական դատողություններ են։ 

Իսկ ահա գործնականում արժե քննարկել, թե ինչպես երեքուկես տարի առաջ, իշխանության գալով, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե քոքահան է անելու կոռուպցիան ու վերականգնելու է արդարությունը, իսկ նրանք, ովքեր ժամանակին ստիպված են եղել հեռանալ Հայաստանից, կարող են հանգիստ վերադառնալ, որովհետև «ճամպրուկներով փողը նախագահական տանելու» ժամանակներն ավարտվել են։ Շատերը հավատացին սրան ու շտապեցին «հեղափոխական իշխանությունների» մոտ՝ իրենց դարդերը պատմելու։ Բոլոր նրանք, ովքեր ժամանակին նեղվել էին բարձրաստիճան պաշտոնյաներից, համարում էին, որ իրենցից պետք եղածից ավելին են քերում, կամ պարզապես հույս ունեին, որ նախկինների կամ իրենց մրցակիցների վրա «գործ տալով» կարժանանան նոր իշխանությունների բարեհաճությանը, ահռելի ծավալով ինֆորմացիա էին տալիս նրանց։ Ու երևի սպասում էին, որ այսօր չէ վաղը քրեական գործեր են հարուցվելու, և կոռուպցիոն գործերը մեկը մյուսի ետևից բացահայտվելու են։ Ճիշտ այնպես, ինչպես խմբագրությանը դիմած քաղաքացիներն էին ժամանակին սրտատրոփ սպասում, թե ուր որ է իրենց ներկայացրած սենսացիոն փաստերը հայտնվելու են թերթի էջերում, ու տվյալ կոռումպացված պաշտոնյայի հերն անիծվելու է։ Բայց ժամանակն անցնում էր, ու առանձնապես ոչինչ չէր փոխվում։ Ճիշտ է, մի քանի գործեր իսկապես էլ հարուցվեցին, բայց բռնվածները գրավի կամ «կամավոր նվիրատվությունների» շնորհիվ ազատ էին արձակվում, եթե մի քիչ ավելի շատ «նվիրատվություն» էին անում՝ նաև արտերկրում «բուժվելու» իրավունք էին ստանում, իսկ մեծ մասի դեպքում այդպես էլ ձայն-ծպտուն չէր լսվում։ Հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ամենայն հավանականությամբ պարզապես վերածվում էին դոսյեների և խնամքով պահվում որևէ դարակում, որպեսզի օգտագործվեն անհրաժեշտ պահի՝ ըստ նպատակահարմարության։ Ընդ որում՝ թալանը «քյաբաբ առ քյաբաբ» վերադարձնելուն սպասող ժողովուրդը, որպես կանոն, այդ «նպատակահարմարության» պահը չի էլ ֆիքսում։ Պարզապես ժամանակ առ ժամանակ նկատում է, որ իրեն պատռելով իշխանություններին հայհոյող մեկը հանկարծ մեկառմիշտ սսկվում է, մի ուրիշը «փակում է քաղաքականության էջը», երրորդը հանկարծ դուրս է գալիս ընդդիմադիր խմբակցությունից, չորրորդը շատ սահուն կերպով դառնում է կառուցողական, հինգերորդը ինքնակամ բարեգործական ակցիաներ է անում, և այլն։

Մի խոսքով, «արդարությունը վերականգնվում է» ընդամենը այնքանով, որ եթե նախկինները թալանել են՝ ուրեմն հիմա էլ նորերի հերթն է, ու չի կարելի խանգարել նրանց։ Իսկ խանգարել փորձողների համար թղթապանակներ միշտ էլ կգտնվեն։ Չէ՞ որ նախկիններն իրենք են իրենց ձեռքով բերել՝ իրարից «մուռ հանելու» համար։

Նախկիններից հալածված ու Հայաստանը լքածներն էլ երևի արդեն հասկացել են, որ «հեղափոխական իշխանություններն» իրենց ինֆորմացիան ընդամենը օգտագործում են որպես նախկինների զսպաշապիկ, իսկ իրականում Հայաստանում շատ բան չի փոխվել։ Պարզապես այլևս ճամպրուկով փող չեն տանում Բաղրամյան 26։ Էս ո՞ր թիվն ա, ի վերջո փոխանցումներ կան, օֆշորներ կան, բիթքոին կա․․․

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2414 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ