Երբ ՔՊ-ական պատգամավորները բանակի մասին խոսելիս սկսեցին իրար հերթ չտալով պատմել, թե ծառայության տարիներին ինչքան սոված էին, շատերի համար դա իսկապես շոկ էր։ Փաստորեն այդ մարդիկ նույնիսկ բանակի խնդիրներն էին ընկալում ստամոքսի տեսանկյունից։ Իրականում զարմանալի ոչինչ չկար, որովհետև իրենց առաջնորդն էլ է այդպես վարվում, ընդ որում՝ վաղուց։ Իհարկե՝ երբ դեռևս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բոլորին խոստանում էր, որ իրենք ու իրենց երեխաներն ապրելու են երջանիկ Հայաստանում, որևէ մեկի մտքով չէր անցնում, որ երջանկություն ասելով նա հասկանում է բացառապես կուշտ ուտելը, և ընդհանրապես՝ նրա բոլոր մտքերն ու իղձերը, անկախ իրենից, պտտվում են ուտելիքի շուրջ։
Խնդիրը միայն տեսախցիկների առջև խոզ խանձելը, քյալլա ուտելը կամ լավաշ պատառոտելը չէ։ Ընդդիմադիր ժամանակ նա նույնիսկ օլիգարխների ունեցվածքն էր այդպես գնահատում՝ «դամբուլի չափ բռիլյանտներ․․․»։
Իշխանության գալուց հետո, բնականաբար, այդ մոլուցքը թաքցնելն ավելի բարդ դարձավ, բայց դրա կարիքը չկար էլ։ Հայաստանը նրա համար մի երկիր էր, ուր «խորովածի կրակի շուրջ ընկերներ են բոլորվում», սեփական փիառի հիմնական բաղադրիչներից մեկը կառավարական առանձնատանը հյուրեր ընդունելն ու խորոված հյուրասիրելն էր կամ էլ ընտանեկան ընթրիքի համեստ սեղանը մանրամասն ցուցադրելը, բանակի հիմնական խնդիրը զինվորներին ավելի լավ կերակրելն էր, անգամ կոռուպցիայի դեմ պայքարն էր ձևակերպվում որպես «քյաբաբ առ քյաբաբ հետ բերելու» գործընթաց, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում նրա թիմակիցները ժողովրդին կոչ էին անում ավելի ակտիվորեն այցելել ռեստորաններ ու սրճարաններ։
Ամբողջ խնդիրն այն է սակայն, որ «հաց և տեսարաններ» սկզբունքը Հին Հռոմում հաճախ լավ էլ աշխատում էր, որովհետև ժողովրդին ժամանակ առ ժամանակ իսկապես հաց էին տալիս, իսկ Հայաստանում առայժմ միայն կերակրում են «կուշտ փորով հաց ուտելու» խոստումներով։ Ու խնդիրը նույնիսկ այն չէ՝ այդ խոստումները կիրականանա՞ն, թե՞ ոչ։ Խնդիրն այն է, որ եթե ժողովրդի մեծամասնության համար ամենակարևորը կուշտ ուտելն է, իսկ ցանկացած այլ հարց դրա համեմատ երկրորդական է (պետություն, հայրենիք, արժանապատվություն և այլն), ապա միշտ էլ կգտնվեն արտաքին ուժեր, որոնք կհամաձայնվեն որոշ ժամանակ կուշտ կերակրել այդ ժողովրդին՝ պայմանով, որ նրա հետ վարվելու են այնպես, ինչպես կամենան։ Ավելին՝ այդպիսի «արժեհամակարգ» ունեցող ժողովրդի համար Նիկոլ Փաշինյանն իսկապես իդեալ է, որովհետև իրեն հենց այդպես էլ պահում է։ Ու չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե նա Հայաստանն այս վիճակին հասցնելու համար հոգեկան ծանր ապրումների մեջ է, գիշեր-ցերեկ մտածում է, թե ինչպես երկիրը դուրս բերի այս վիճակից և այլն։ Իրականում նա կատարելապես երջանիկ է, որովհետև լիքը փող ունի, երբ և որտեղ ուզում՝ հանգստանում է, ու ամեն օր համով-համով բաներ է ուտում, ընդ որում՝ հիմնականում ոչ իր հաշվին։ Մի խոսքով՝ ինքն իրենով մարմնավորում է իր ընտրողների «հայկական երազանքը»։
Այո, Հայաստանում իշխանության է եկել մարդու այդ տեսակը, ընդ որում՝ իշխանության է եկել ընտրությունների միջոցով, ու հենց սա է պատճառը, որ աշխարհով մեկ ծաղրուծանակի առարկա ենք դարձել։ Ու դեռ հայտնի չէ, թե ինչերի միջով պիտի անցնենք՝ այս խարանը մեր վրայից ջնջելու համար։
Մարկ Նշանյան