Ամանորյա տոներից հետո թերևս արժե հիշել անցած օրերի առավել ուշագրավ պահերը:
Սկսենք Նոր տարվա գիշերից: Գիտեք, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Նոր Տարին Հանրապետության Հրապարակում է դիմավորելու, որից հետո կայանալու է Գորան Բրեգովիչի համերգը:
Այդ առումով ամենաշատը մեզ զարմացրեց մի հանգամանք. քոչարյանական լրատվամիջոցները արձակուրդ չէին գնացել: Դեկտեմբերի 31-ի երեկոյից մինչև հաջորդ տարվա մնացած օրերը մի րոպե դադար չեն տվել: Սկսեցին ահազանգել, թե մարդկանց ավտոբուսներով մարզերից զոռով բերում են Հրապարակ, քանի որ այնտեղ մարդ չէր հավաքվում: Գոնե մի հոգի չի հաստատել, գրել, որ իրեն պարտադրել են Հրապարակ գալ: Սա դեռ քիչ էր, նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչները կոչ էին անում ժողովրդին չգնալ Հրապարակ՝ որպես բողոքի նշան, թե ինչ բողոքի, այնքան էլ պարզ չէր, բայց միայն թե չգնային:
Հետո Նոր տարվա գիշերը նստել, վարչապետի՝ Հրապարակում ամանորյա ելույթն էին վերծանում, մեջը ինչ-որ դավադրություններ փնտրում: Հետո մի աղմուկ բարձրացրեցին, թե Փաշինյանի ելույթից հետո Հայաստանի օրհներգը չի հնչել՝ դա համեմելով դավաճանության, հողեր հանձնելու և դրսի ուժերի պատվերների հետ: Հետո պարզվեց, որ նախորդ տարիներին էլ չի հնչել օրհներգը:
Մի խոսքով, Ամանորը, Բրեգովիչի համերգը, տոնական տրամադրությունները հարամելու բոլոր փորձերը ձախողվեցին: Ուղղակի մեղք էին, մարդիկ Նոր Տարի էին նշում, սրանք էլ՝ իշխանությունների թերություններն էին նշում:
Հաջորդը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն էր, որն իրականացրեցին ամերիկյան հատուկ ծառայությունները՝ Բաղդադում: Ու հանկարծ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը հանդես է գալիս հայտարարությամբ, որտեղ դատապարտում է ԱՄՆ-ին ու հույս հայտնում, որ Իրանը վրեժ կլուծի Սուլեյմանիի սպանության համար: Ապշելու բան է: Թե ասա՝ քո ի՞նչ գործն է, որ մտել ես մի դաշտ, ու Հայաստանի և Արցախի համար վտանգավոր մտքեր ես հայտնում: Ու երբ շատերը քննադատում էին նրան՝ այդպիսի անխոհեմ հայտարարության համար, քոչարյանական ուժերը հակադարձում էին. գոնե գիտե՞ք, թե ով է Ղարամյանը, ինչ հերոսություններ է արել արցախյան պատերազմի ընթացքում: Դե արի բացատրի, որ պատերազմի հերոսն ու քաղաքական գործիչը տարբեր բաներ են, ռազմական և քաղաքական թատերաբեմերը տարբեր հատկանիշներ են պահանջում: Բազմաթիվ հերոսների անուններ կարող ենք նշել, որոնք հետագայում քաղաքական դաշտում իրենց գործունեությամբ դժբախտություններ են բերել ժողովրդի գլխին:
Սա դեռ քիչ է, բազմաթիվ քոչարյանականներ էլ ցավակցեցին Իրանի ժողովրդին. Վիտալի Բալասանյան, Հրանտ Մելիք-Շահնազարյան... Որից հետո նրանց լրատվամիջոցները սկսեցին տարածել ֆեյք Դիանայի գրառումը, թե Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամպին՝ Սուլեյմանիին վնասազերծելու համար: Այդ գրառումը հետո տարածվեց Ադրբեջանով, հասավ Իրան, մի քիչ աղմուկ հանեց, քոչարյանականներն իրենց լավ զգացին, բայց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ, «Դիանային» հայտնաբերեցին, սա խոստովանեց, որ իր հորինած սուտն է եղել:
Իսկ տարին դեռ նոր է սկսվել. այսպես շարունակվի, մի օր էլ Դոնալդ Թրամպն է բարձրանալու Սպիտակ տան տանիք և այնտեղից հերքելու իրեն վերագրվող լուրերը, Պուտինն է սկսելու լայվ մտնել ու լուր առ լուր անդրադառնալու հայկական ընդդիմության մեղադրանքներին: