Պատմաբան Կարպիս Փաշոյանը գրել է. «Նայում եմ հրամանատարական կետում Շուշիի պաշտպանության վերաբերյալ քննարկման հայտնի տեսանյութը և ամաչում։ Տպավորություն է, թե 19-րդ դարի ֆիդայական խորհրդակցություն լինի։ Ո՞ւր է զինվորական կանոնագիրքը, զինվորական լեզուն, նույնիսկ համազգեստներն էին խառնիճաղանճ ու թափթփված։ Ո՞ւր է ընդհանրապես շտաբային մշակույթը, որտեղ գեներալներն ու հրամանատարները քարտեզներով զեկուցում են ստեղծված իրավիճակն ու մարտավարական լուծումներ առաջարկում։
Ու էս անլուրջ և անպատվաբեր մոտեցումներով մենք որոշել էինք պատերազմի գնալ ու հաղթել»։
«ՉԻ». Անհասկանալի է, թե ինչից է Կարպիսը ամաչում: Մենք էլ ենք նայել: Հրաշալի գեղարվեստական ֆիլմ է: Ի՞նչ է եղել:
Չգիտենք, ֆիլմի ռեժիսորն ով է, բայց մի շնչով նայվում է: Ֆիլմն այն մասին է, թե ինչպես Սյամոն փորձեց Շուշին պահել ու հակառակորդին ծուղակը գցել, բայց հետո Սերժը, Վանեցյանը, Ռոբը, Սեյրանը և գործով չպարզված այլ կասկածյալներ խաբեցին, դավաճանեցին, թիկունքից հարվածեցին, օգնության չեկան, փախան, ու այդպես Շուշին կորցրինք:
Բա, հենց այդպես էլ եղել է: Բա գիտեիք՝ ո՞վ է Շուշիի անկման մեղավորը: Նախկինները:
Այ, եթե Սամվել Բաբայանը ՀՀ պաշտպանության նախարար լիներ, հաստատ նախկինների՝ հատկապես Սերժի, դավաճանության դեմը կառներ ու խստագույնս պատժի կենթարկեր բոլորին: Թեպետ հիմա էլ ուշ չէ: Բայց այդ մասին՝ ֆիլմի երկրորդ սերիայում: