Օրերս Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն հայտնեց Ֆեյսբուքի օգտատիրոջ կողմից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորանք հասցնելու առթիվ հարուցված քրեական գործի առնչությամբ։ Կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին «դադարեցնել վիրավորանքը քրեականացնող հակասահմանադրական օրենսդրության կիրառումը»։
Այս հայտարարության մեջ, ըստ էության, խտացված է հեղափոխությունից հետո անցած երեք տարիների զարգացումները: Հիշում եք՝ ինչպես սկսվեց. հայտարարվեց սիրո և հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու մասին, խորհրդարանի դարպասները բացվեցին քաղաքացիների առջև, Բաղրամյանով նախագահականի մոտով անցնող ճանապարհը բացվեց, ահագին մարդիկ ազատ արձակվեցին, արդարացվեցին:
Իսկ հիմա ունենք մի իրավիճակ, երբ վիրավորանքը քրեականացվում է ու արդեն դրա հիման վրա մարդկանց դեմ քրգործեր են հարուցվում: Սա բնորոշ է բռնապետական երկրներին: Կամ՝ բռնապետի հակումներ ունեցող գործիչներին: Մինչև հիմա մեր տարածաշրջանում երկու նման բռնապետ ենք ունեցել, որոնք տառապում էին քինախնդրության մոլուցքով, և որոնք քննադատությանը, վիրավորանքին տղայական ձևով են վերաբերվում: Դրանք Իլհամ Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանն են: Ալիևը կարող է իրեն թունդ քննադատողին թեկուզ արտասահմանից առևանգել, բերել, Բաքվի բանտ գցել, խոշտանգել ու սպանել: Բազմաթիվ նման դեպքեր են եղել: Քոչարյանը... մենակ Պողոս Պողոսյանի դեպքը հերիք է՝ հասկանալու համար այդ մարդու հոգեկերտվածքը, մտահորիզոնը:
Հիմա Նիկոլ Փաշինյանը բռնել է սրանց ճանապարհը: Ո՞նց թե ինչ-որ մեկն իրեն վիրավորի: Պիտի ցույց տա, որ մաչո է, դուխով տղա: Ու այս երեք տարվա մեջ մաչոյի մակարդակից դուրս չեկավ: Ու Արցախյան պատերազմի աղետալի հետևանքները հենց այս մաչոյական, աքլոր կտրելու արդյունքն էին: Միջազգային հարաբերություններում, ներքին քաղաքականությունում, ամեն տեղ ցույց էր տալիս, որ իր թուրը աջ ու ձախ կտրող է: Որոշել էր հայկական Նապոլեոն դառնալ, ապացուցել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակները կարող է բազմապատկել, 1990-ականների ձեռքբերումները զրոյացնել, իր կետից սկսել: Ամեն ինչ վարի տվեց, մնացել է տեղական նշանակության մի հատ բռնապետիկ դառնալը:
Վիրավորանքները քրեականացնելը հենց դա էին նշանակում: Ու անում է սա մի մարդ, որն ինքն է այս նույն մշակույթի առաջամարտիկը: Նկատի ունենք՝ վիրավորելը, հոխորտալը, մեծ-մեծ խոսելը, ու ամենահետաքրքիրն այն է՝ ամեն պահի կարող է իր խոսքերից ետ կանգնել: Ինչը բնորոշ չէ լավ տղուն, մաչոյին, այլ աքլորացած, պատասխանատվություն չունեցող մեկին:
Ընդամենը մի օրինակ բերենք. Նիկոլ Փաշինյանը 2018-ի սեպտեմբերին գնացել էր Ֆրանսիա, որտեղ այսպիսի բան էր հայտարարել. «...Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է` անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած...»:
Այս խոսքերի համար Ռոբերտ Քոչարյանը նրան դատի էր տվել՝ պահանջելով ներողություն խնդրել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար, պահանջել էր բարոյական փոխհատուցում և հերքում:
Նիկոլ Փաշինյանն էլ դատարանին հայտնել է, թե ինքը Ռոբերտ Քոչարյանին նկատի չի ունեցել, այլ ընդհանրապես, օդի մեջ փիլիսոփայել է: Կոպիտ ասած՝ «սուխոյ ատկազ» է կանգնում: Յա, իրո՞ք: Այսինքն՝ ընդունում է, որ Քոչարյանը անմեղ գառնուկ է, ընդհանրապես կապ չունի մարտի 1-ի հետ, չի առնչվում տասնյակ սպանություններին: Փաշինյանը միայն քաղաքական դիվիդենտներ շահելու համար պատրաստ է ինչ ասես դուրս տալ, ժողովրդի սիրտը հովացնել, բայց որ ժողովուրդը իրեն հենց դրա համար է ձայն տվել, որ նախկին իշխանություններին, մարտի 1-ի ոճրագործներին պատժեր, թալանածը վերադարձներ, դա արդեն կարևոր չէ, հիմնական խնդիրը իշխանություն վերցնելն էր:
Այսինքն՝ աքլորացած, աջուձախ մարդկանց վիրավորում, զրպարտում է, բայց հենց պատասխան են պահանջում, միանգամից հրաժարվում է խոսքերից: Ասում է՝ ես էդ նկատի չունեի, ես էդ Քոչարյանին նկատի չունեի:
Ու այսքանից հետո, ընկել է մարդկանց ետևից, թե դուք ինձ մի վիրավորեք, սաղին բանտ կկոխեմ: Ես եմ ու վերջ:
Տո լավ, է´: