...

Սեֆիլյանն ընդդեմ Սեֆիլյանի

Սեֆիլյանն ընդդեմ Սեֆիլյանի

Ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով Տավուշի մարզում տեղի ունեցող ռազմական բախումներին, ասել է. «Մենք ունենք շատ վատ ժառանգություն՝ 90-ականների սկզբից: Այդ օրերի ապիկար իշխանությունների, ռազմաքաղաքական ապիկար ղեկավարության պատճառով, այսօր Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին նայելով, կտեսնենք, թե ինչպիսի անհեթեթ զիգզագներով պահպանված մի սահման է, որտեղ գերիշխում է հակառակորդը: Մեր Տավուշի գյուղերի մեծ մասը ուղիղ նշանառության տակ է հենց այդ ապիկար քաղաքականության շնորհիվ: Բարեբախտաբար, նման քաղաքականություն Արցախում տեղի չունեցավ»:

Անկեղծ ասած, բնավ չէինք ցանկանա անդրադառնալ Ժիրայր Սեֆիլյանի այս խոսքերին, քանի որ հազար ու մի թեմա կա, Տավուշում իրավիճակը խառն է, ներքաղաքական զարգացումներ կան, բայց, ճար չկա, որովհետև անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանին, իրականում ցանկանում ենք խոսել ընդհանուր երևույթի մասին:

Խոսքը պատասխանատվության և սկզբունքների մասին է: Մարդու մասին գնահատական տալիս պետք է նկատի ունենալ, թե որքանով է նա պատասխանատու և սկզբունքային:

Ժիրայր Սեֆիլյանին շատերն են համարում սկզբունքային անձնավորություն: Այսինքն, ունի ինչ-որ գաղափարներ, որոնց նա հավատարիմ է տարիներ շարունակ: Իհարկե, նա իր գաղափարները կյանքի կոչելու ճանապարհին պատրաստ էր նաև շատ կոշտ, անթույլատրելի և ուժային քայլերի դիմել, ապստամբություն կազմակերպել, զենքով դուրս գալ իշխանության դեմ, ՊՊԾ գունդ գրավել: 

Բայց սկզբունքն ու պատասխանատվությունը փոխկապակցված երևույթներ են: Եթե դու պատասխանատու մարդ չես, ապա կնշանակի՝ սկզբունքային էլ չես: Եվ հակառակը:

Հիմա Սեֆիլյանը Տեր-Պետրոսյանի իշխանությանը համարում է ապիկար, քանի որ Տավուշի մարզում ապիկար է գործել, իսկ ահա Արցախի իշխանությունները խելոք էին, քանի որ անվտանգության գոտի էին ստեղծել: 

Նախ, սկսենք այնտեղից, որ եթե 1990-ականներին ունեցել ենք ապիկար ռազմաքաղաքական իշխանություն, ուրեմն՝ ապիկար էին նաև բանակի ղեկավարներ Վազգեն Մանուկյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը: Թող Սեֆիլյանն ինքն ասի, այս մարդիկ ապիկա՞ր են եղել, թե՞ ոչ:

Երկրորդ. եթե Սեֆիլյանը արցախյան ազատամարտում աչքի է ընկել, ապա աչքի է ընկել բացառապես նույն ապիկար իշխանությունների շնորհիվ: Որովհետև այդ իշխանություններն էին պլանավորում և կառավարում ռազմական օպերացիաները, կոորդինացնում զինվորական խմբավորումների գործողությունները, իրականացնում ահռելի դիվանագիտական և քարոզչական աշխատանքները: Այդ թվում՝ Շուշիի ազատագրման օպերացիան, որից հետո Սեֆիլյանի անունը հայտնի դարձավ: Ու հենց ինքն է ասել, թե ում շնորհիվ է Շուշիի օպերացիան իրականացվել: Տեսանյութը դիտեք, համոզվեք:

Հիմա ո՞նց հասկանանք՝ որտե՞ղ է Սեֆիլյանը սկզբունքային. երբ 1990-ականների իշխանություններին համարում է ապիկա՞ր, թե երբ գովում է այդ իշխանություններին՝ արցախյան պատերազմում ունեցած հաջողությունների համար: 

Ու այս նույն Սեֆիլյանը 2008 թվականի հունիսին Հրազդանում մի հավաքի ժամանակ հայտարարել է, բառացիորեն ենք մեջբերում. «Այսօր մեր բոլորիս նպատակը մեկն է` հաստատել մեր պետականությունը, մեր անկախությունը: Ես վստահ եմ, որ եթե մեր առաջնորդը Տեր-Պետրոսյանը չլիներ, մեր կորուստներն ու վնասները ավելի մեծ կլինեին: Իշխանությունների նման քաղաքականության դեպքում` Տեր-Պետրոսյանի շնորհիվ մեր վնասները նվազագույն են եղել: Այդ հարցում մեր բախտը բերել է»:

Այսինքն, ինչ-որ աննորմալ սիլլոգիզմ է ստացվում. Ժիրայր Սեֆիլյանի բախտը բերել է, որ ժամանակին ապիկար իշխանություն է ունեցել: Համաձայնվեք, որ միայն անպատասխանատու մարդը կարող է մի կողմից ասել, թե եթե Տեր-Պետրոսյանը չլիներ, մեր կորուստներն ու վնասները ավելի մեծ կլինեին, մյուս կողմից էլ ասել, թե եթե Տեր-Պետրոսյանը չլիներ, մեր ձեռքբերումներն ու հաջողություններն ավելի մեծ կլինեին: 

Թող Սեֆիլյանն ինքը գնահատի իրար տրամաբանորեն հակասող արտահայտությունները: Կամ այս ամենը նրա քաղաքական տգիտության արդյունքն է, ուղղակի քաղաքականությունից բան չի հասկանում, կամ էլ՝ նա անսկզբունքային և անպատասխանատու մարդ է, որն այսօր կարող է մի բան ասել, որը հակասում է նախորդ ասածին, վաղն էլ մի այլ բան ասել, որը կհակասի մինչև այդ արտահայտած բոլոր մտքերին: 

Իսկ ավարտում ենք մեր անդրադարձը Սեֆիլյանի մասին Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մի կարծիքով: Թող Սեֆիլյանը հասկանա, որն է սկզբունքն ու պատասխանատվությունը. «Որքան էլ տաքարյուն ու ծայրահեղական թվացող, իմ շփումներից ես համոզվել եմ, որ ճգնաժամային պահերին Ժիրայր Սեֆիլյանն ունակ է սառը դատել ու ողջամիտ որոշումներ կայացնել։ Ուզում եմ հույս հայտնել, որ այս անգամ էլ այդ ունակությունը նրան չի դավաճանի, և նա Ղարաբաղի ու Հայաստանի ճակատագիրը վեր կդասի ամեն ինչից»:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1537 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ