...

Թող Քոչարյանը ամաչի

Թող Քոչարյանը ամաչի

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր հրապարակված ՄԻԵԴ վճռին, որով ՀՀ կառավարությունը «Հայկական ժամանակ» օրաթերթին պետք է 9 000 դոլար վճարի։ Աթանեսյանն այն փաստաբանն է, որ «Հայկական ժամանակի» գանգատը ներկայացրել է Եվրոպական դատարան։ 

«Անկախության օրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է վճիռ, որով իմ կողմից դեռևս 2008 թվականին «Դարեսկիզբ» ՍՊԸ («Հայկական ժամանակ» օրաթերթ) անունից ներկայացված գանգատն ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագրի, բավարարվել է:

ՄԻԵԴ-ը այս գործով գտել է, որ հրամանագրով խախտվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածը, դիմողի նկատմամբ խախտվել է նաև 6 հոդվածը՝ ներպետական դատարանները եղել են անհասանելի:

Իրավական առումով սա նշանակում է, որ մարտի 1-ի արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրը այլևս օրինական չէ, և սա կարող է հանգեցնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական հետապնդումների:

Այն ժամանակ գործել եմ վստահությամբ, որ գանգատի բավարարումը կօգնի իմ երկրին լավ պետություն կառուցելու գործում: Հիմա, ազգային աղետից հետո, որը կազմակերպեց և իրագործեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, ունեմ շատ խառը զգացմունքներ այս վճռի վերաբերյալ և խնդրում եմ ինձ չշնորհավորել»:

«ՉԻ». Միանգամից ասենք, որ Տիգրան Աթանեսյանը ամաչելու կամ վատ զգալու բան չունի: Ամաչելու բան ունի Ռոբերտ Քոչարյանը, որ Անկախության 30-ամյակի օրով այսպիսի նվեր է անում Հայաստանին՝ պետության բյուջեին հերթական անգամ հարվածելով:

Փաստաբանն իր աշխատանքն է կատարել: Դա իր պարտականությունն է: Եթե կուզեք՝ առաքելությունն է պաշտպանել օրենքը: Հետամուտ լինել, որ մարդը, իրավաբանական անձը ապօրինությունների չենթարկվի: Անկախ նրանից, թե ով է այդ մարդը: Այդ առումով, Տիգրան Աթանեսյանը գտնվել է իր բարձրության վրա և լավ է կատարել իր մասնագիտական պարտավորությունները, եթե նրա կազմած գանգատը ՄԻԵԴ-ը բավարարել է: 

Այն ժամանակ փաստաբանը պաշտպանել է լրագրող, խմբագիր Նիկոլ Փաշինյանի շահերը, ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այն ժամանակ Նիկոլի ճակատին գրված չի եղել, որ Հայաստանն ու Արցախն էս օրն է գցելու: Ավելին ասենք, եթե վաղը, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանին դատեն, նույն Տիգրան Աթանեսյանը կարող է նորից նրա շահերը ներկայացնել, եթե փաստաբան է, ոչ թե քաղաքական գործիչ: 

Իսկ Քոչարյանը թող մտածի իր արածների մասին, որի հետևանքները մինչև հիմա տեսնում ենք: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2842 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ