Դերասան Սոս Ջանիբեկյանը գրել է. «Մենք ներքաղաքական հանգիստ և հասարակական խաղաղ մթնոլորտում կձևավորենք ավելի լավ իշխանություն քան ներկայիս իշխանությունն է, բայց ոչ մի դեպքում, երբեք ու երբեք, որպես ռևանշ, իշխանությունը չենք տա մեզ արդեն ծանոթ հներին»:
«ՉԻ». Վատ չի: Նույնիսկ կարելի է ասել՝ լավ է: Սոսը նորմալ շեշտադրումներ է արել: Այսօր հասարակական մի խավ կա, որը չի ընդունում նախկիններին, բայց չի ընդունում նաև ներկաներին:
Իրենց հերթին, իշխանություններն ու նախկիններն էլ չեն ընդունում, որ Հայաստանում այսպիսի խավ կա: Կամ՝ չտեսնելու են տալիս: Իրար մեջ քաղաքական դաշտը բաժանել են սև ու սպիտակի և ասում՝ կամ մերոնքական ես, կամ՝ ձերոնքական: Ով մեր հետ չէ, մեր թշնամին է: Կամ դավաճան ես, կամ՝ ազգի փրկիչ:
Շատ բարդ խնդիր է այս դաշտում խոսքդ, ասելիքդ, միտքդ տեղ հասցնել: Երկու կողմից միանգամից վրա են տալիս: Երկու կողմից էլ ասում են՝ սա ծախված է: Թե ում՝ չեն ասում, բայց ծախված ես:
Հ.Գ. Բայց Սոս Ջանիբեկյանի այս գրառման ամենահետաքրքիր պահն այն է, որ քոչարյանական լրատվամիջոցներից մեկը վերցրել ու այս գրառումը իր մոտ հրապարակել է, վերնագիրն էլ դրել է. «Մենք ներքաղաքական հանգիստ և հասարակական խաղաղ մթնոլորտում կձևավորենք ավելի լավ իշխանություն, քան ներկայիս իշխանությունն է»: Այսինքն՝ զուտ վերնագրից կարելի է ենթադրել, որ սա հակաիշխանական գրառում է:
Բայց մի 20 րոպե հետո այդ լրատվամիջոցը Սոսի գրառումը ջնջել է: Ֆեյսբուքում դեռ մնացել է, բայց կայքում չկա: Երևի կայքի հերթապահ-թողարկիչը նոր է աշխատանքի ընդունվել, դեռ խամություն է անում, շատ չի ջոկում՝ ով ով է, «что такое хорошо, что такое плохо», Սոսի գրածի առաջին մասը տեսել է, դրել, թողարկել է, հետո տերերը սարսափով տեսել են, խեղճի գլխին բամփել են: