Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով խորհրդարանական արտահերթ ընտրությունների հնարավորությանը և ընդդիմության կոչերին, ասել է. «Գիտեք, մենք ունենք ներքաղաքական լարվածություն, բայց ճշմարտությունն այն է, որ այն կոչերը, որոնք հնչում են ընդդիմության կողմից, լայն հնչեղություն չեն ստացել հայ հասարակության մեջ։ Եվ ես կարծում եմ, որ ժողովրդի կողմից ձևավորված իշխանության հարցը կարող է լուծվել միայն ժողովրդի կամարտահայտությամբ։ Փաստն այն է, որ այն կոչերը, որոնք հնչում են ընդդիմության կողմից, աջակցություն չեն ստանում հայ հասարակության կողմից»:
Այն, որ այսօր հարթակում կանգնած ընդդիմությունը հանրային լայն աջակցություն չունի, ճիշտ է: Բայց իշխանությունները ինչի՞ց են որոշել, որ իրենք ունեն այդ աջակցությունը, պարզ չէ: Այդպես չի լինում, որ Հայաստանն ու Արցախը աղետի առջև կանգնեցնես ու շարունակես մարդկանց աջակցությունը վայելել:
Բայց խնդիրն այլ է. արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա, որովհետև ունենք խորագույն քաղաքական ճգնաժամ: Թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը, սպառել են իրենց: Սպառել են իրենց քաղաքական օրակարգը: Ասելիք չունեն: 20 տարի շարունակ նույն կարգախոսներով և գաղափարներով, հայդուկային և հայդատական մտածելակերպով ապականել են քաղաքական դաշտը, «ոչ մի թիզ» գոռալով, բերել, երկիրը հասցրել են այս վիճակին: Բացի իրար բզկտելուց, սրանք ոչ մի ուրիշ բանի ունակ չեն:
Բայց մի ուրիշ խնդիր էլ կա. այն, որ Փաշինյանը ներքաղաքական ճգնաժամի լուծումը պայմանավորում է ժողովրդի կամարտահայտությամբ: Կոպիտ ասած, պատասխանատվությունը գցում է ժողովրդի վրա: Այն ժողովրդի, որն իրեն քվե էր տվել նաև ճգնաժամեր հաղթահարելու համար:
Ու այս վարքագիծը Փաշինյանը նաև պատերազմի ժամանակ դրսևորեց: Երբ նրան առաջարկել էին ընդունել 5+2 բանաձևով հարցի լուծումը, ռուսական խաղաղապահ ուժերը տեղակայվեն հակամարտության գոտում, ինչը կլիներ խնդրի շատ նպաստավոր լուծում, մանավանդ՝ հաշվի առնելով ճակատում առկա զարգացումները, լայվով դիմեց ժողովրդին, ասաց՝ ի՞նչ եք ասում, ընդունե՞մ, հետո ասաց՝ ժողովուրդը դեմ է... հետո ինչ եղավ, արդեն գիտեք:
Սա ոչ թե պատասխանատվությունը ժողովրդի վրա գցելու ձև է, այլ պատասխանատվությունից խուսափելու գործելաոճ: Պետության ղեկավարի դեպքում սա նոնսենս է: Ամբողջ իշխանությունն է այսպիսին: Դրա համար էլ ասում ենք՝ խորագույն քաղաքական ճգնաժամ է, երբ ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը ոչ մի բանի համար իրենց պատասխանատու չեն զգում:
Չնայած, մյուս կողմից, ինչո՞ւ զգան, եթե մեր երկրի թիվ մեկ պատասխանատուն Պուտինն է դարձել: