...

Ճիշտը ճանապարհային գլոբուսն է

Ճիշտը ճանապարհային գլոբուսն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ և պատրաստ է լծվել այդ իրավիճակը հաղթահարելու գործին, թեպետ իրեն է համարում ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն։

Փաշինյանը նաև առաջիկա ամենակարևոր անելիքների վերաբերյալ 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ է ներկայացրել: Նրանց թվում են, օրինակ՝ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով, ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում, ընտրական օրենսգրքի փոփոխությունների և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում, ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ և այլն:

Եթե թարգմանենք պարզ լեզվով, ապա Նիկոլ Փաշինյանն ասում է. ժողովուրդ ջան, տեսաք, Պուտինն ասաց, որ ես դավաճան չեմ, մինչև վերջ պայքարել եմ, արել եմ հնարավոր ամեն ինչ: Ի՞նչ հրաժարական, ի՞նչ բան: Հա, Շուշիի պահով մի քիչ սիրուն չստացվեց, կարար ավելի լավ լիներ, բայց դե, կյանքը շարունակվում է: Խելոք մնացեք, այ ընդդիմություն: Հեսա ձեր ապօրինի գույքը բռնագանձելու ենք: Համ էլ Պուտինն ասաց, որ Արցախի հարցում խաղերը տալը ինքնասպանության պես մի բան է: 

Մեծ հաշվով, սա ոչ թե ճանապարհային քարտեզ էր, այլ ճանապարհային գլոբուս: Գլոբուսի դեպքում որ մի կետից շարժվես, մեկ է, վերջում մի շրջան կատարելով՝ էլի հասնելու ես նույն կետին: Ու հասնելով այդ կետին, նորից մի շրջան ենք կատարելու: 

Ընդ որում, մենք ուշադրություն դարձրեցինք, որ Նիկոլ Փաշինյանն իր այս գրառման մեջ որևէ կերպ չի անդրադարձել նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձին՝ նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, ՀՀ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականներին: Կարծես դրանք գոյություն չեն ունեցել: Կամ էլ դրանք պարզապես բանի տեղ չի դրել: Մինչդեռ դրանք կարևոր իրողություններ են, որոնք վկայում են երկրում քաղաքական ճգնաժամի հասունացման մասին:  

Հիմա ի՞նչ է անելու ընդդիմությունը: Մի հատ ճանապարհային գլոբուս էլ իրենք են առաջարկել: Որը նույնպես շրջապտույտից բացի, մեջն ուրիշ բան չունի: 

Մենք առաջարկում ենք, որպեսզի իշխանությունն ու ընդդիմությունը նստեն սեղանի շուրջ և ճանապարհային գլոբուսների փոխանակման հուշագիր ստորագրեն: Մինչև տեսնենք Պուտինն ինչ կասի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   878 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ