...

Վարչապետի պաշտոնից ձեռք է քաշել

Վարչապետի պաշտոնից ձեռք է քաշել

Տարիներ առաջ՝ 2015 թվականին, Նիկոլ Փաշինյանն իր լրատվամիջոցում 6 սերիանոց մի հոդվածաշար հրապարակեց. «Լևոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն»: Հոդվածի ամբողջ իմաստն այն էր, որ «սաղ Լևոնն ա մեղավոր», որ Լևոնը բան չի հասկանում քաղաքականությունից, մենակ սխալվել է, պարտվել է, խառնել է և այլն: 

Նման հրապարակումներով Փաշինյանը քաղաքական դաշտում ինքնահաստատման և մնացած բոլորին մրոտելու, սևացնելու գործընթաց էր իրականացնում: Բոլորը պիտի վատը լինեին, մեղավոր ու անկարող, որ ինքը մաքուր և օսլայած օձիքով միակ և անփոխարինելի գործչի կարգավիճակ ձեռք բերեր:

Մեզ մոտ այն տպավորությունն է, որ Նիկոլ Փաշինյանն այլևս ձեռք է քաշել վարչապետի պաշտոնից և նորից անցել վերլուծաբան-լրագրողի գործին: Իր վերջին ստատուսները որ կարդում ես, միայն դա կարելի է եզրակացնել:

Վարչապետ չկա, կա լրագրող, որն ընդամենը փորձում է բավական պարզունակ կերպով վերջին երկու ամսվա աղետների պատասխանատվությունը գցել բոլորի վրա. սկսած ժողովրդից, վերջացրած՝ նախկին նախագահներով: 

Քանի անգամ նրան շանս տվեցին պատերազմը դադարեցնել և հաշտության պայմանագիր կնքել, հանուն իր ռեյտինգի ու ինքնահաստատման մերժեց բոլոր առաջարկները, հիմա էլ կանգնել հայտարարում է, թե նախկին նախագահներն էին դեմ, որ ինչ-որ բան ստորագրեմ: Եթե նախկին նախագահները այնքան թափ ունեին, որ չթողնեին քեզ հոկտեմբերին ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, ապա նախկին նախագահները դեմ էին նաև, որ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիան էլ չստորագրես, բա ինչի՞ էիր ստորագրել: 

Մի բան էլ ասենք. այս ստատուսները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանն այլևս ոչ թիմ ունի, ոչ նորմալ թիմակից, ֆեյքեր-մեյքերի վրա էլ հույս չի դնում, ստիպված ինքն է իր պաշտպանական ստատուսները գրում: Մարդ չունի, որին հանձնարարի այդ գործն անել: 

Բայց մի բանում Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, տաղանդավոր է: Ընդամենը երկու ամսում հասցրեց իր դեմ հանել բոլոր քաղաքական ուժերին, որոնք ժամանակին իրար նկատմամբ լուրջ քաղաքական բախումների մեջ էին: Դրա համար իսկապես պետք է տաղանդ ունենալ: Հիմա ինչ-որ գրում է, նպատակներից մեկն էլ այդ ուժերին նորից իրար դեմ հանելն է, կռվացնելը, հարաբերություններ պարզելը: Անօգուտ գործ է: Նման էժանագին ու մանիպուլյատիվ հնարքներն այլևս չեն անցնում: Գնացքը գնացել է: Ընդհակառակը, ամեն մի նման ստատուսից հետո քաղաքական դաշտն ավելի է կոնսոլիդացվում իր դեմ, ու բոլորն իրենց ունեցած տարաձայնությունները մի կողմ են թողնում: Այսինքն, որպես լրագրող-խառնակիչ էլ է Նիկոլ Փաշինյանը վերջացել:

Հ․Գ․ Նիկոլ Փաշինյանի շնորհքն է, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է անում. «Իսկապես կարդացեք Նախագահ Տեր-Պետրոսյանի գնահատականը»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1093 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ